Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ի առավոտյան Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար նիստում հայտարարել է, որ Ղազախստանում օգտագործվել են ուկրաինական Մայդանի տեխնոլոգիաները։
ՌԴ նախագահն ինքնին հասկանալի է համարել, որ ղազախական պետականության սպառնալիքը պայմանավորված է ոչ թե վառելիքի թանկացման հետ կապված բողոքի տարերային ցույցերով, այլ նրանով, որ իրավիճակից օգտվել են ապակառուցողական արտաքին եւ ներքին ուժերը:
Պուտինը հավելել է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները դրսից միջամտության ոչ առաջին եւ ոչ էլ վերջին փորձն են:
«Գների բարձրացման դեմ հանդես եկող մարդիկ մի նպատակ են ունեցել, իսկ նրանք, ովքեր զենք են վերցրել եւ հարձակվել են պետության վրա, բոլորովին այլ նպատակ»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
Ըստ նրա՝ ակտիվորեն կիրառվել են բողոքի տեղեկատվական աջակցության «մայդանային» տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր։ Օգտագործվել են գրոհայինների մանրակրկիտ պատրաստված խմբեր, այդ թվում՝ արտասահմանում ահաբեկիչների ճամբարներում պատրաստություն անցած։
Վլադիմիր Պուտինը Ղազախստանի վրա հարձակումն ագրեսիայի գործողություն է որակել, որին անհապաղ արձագանքելու անհրաժեշտություն կար։ Նա նշել է, որ հաշված ժամերի ընթացքում, պետական իշխանության գործունեության հիմքերի խաթարումը թույլ չտալու համար, հաջողվել է կանխել հանցագործների եւ ահաբեկիչների գործունեությունը։
«Ղազախստանի իրավիճակի դեգրադացիա թույլ չտալու համար ՀԱՊԿ-ին հաջողվել է արագ եւ համակարգված որոշումներ ընդունել։ Մենք ցույց տվեցինք, որ թույլ չենք տա մեր տանն իրավիճակը փոփոխել, իրականացնել գունավոր հեղափոխությունների սցենարները»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ իր գործառույթների կատարումից հետո Ղազախստանից դուրս կբերվի ՀԱՊԿ խաղաղապահների ամբողջ զորակազմը, որն այնտեղ է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդվածին համապատասխան։
Ավելի վաղ դրա մասին հայտարարել էր Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինը: