ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե չի կարելի թույլ տալ, որ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանում ներկայացնեն իբրեւ օկուպանտներ:
Ըստ նրա՝ նման փորձեր արդեն ձեռնարկվել են, մինչդեռ խաղաղապահները Ղազախստանի ղեկավարության խնդրանքով են ժամանել այդ երկիր եւ աջակցություն ցուցաբերել:
«Մենք օկուպանտ չենք։ Այստեղ մեր ցանկությամբ չենք եկել։ Մեզ հրավիրել է այս հսկայական երկրի համար պատասխանատու մեր եղբայրը, ընկերը»,- նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահն այն համոզմունք է հայտնել, որ խաղաղապահների տեղակայումը խախտել է անկարգությունների կազմակերպիչների ծրագրերը։
Լուկաշենկոն նշել է, որ Կենտրոնական Ասիայում եւ հետխորհրդային հանրապետություններում իրավիճակը սրել ձգտողները չափազանց շատ են: Նա հավելել է, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններից դասեր չքաղելու դեպքում իրավիճակը կարող է կրկնվել հարեւան Ուզբեկստանում։
Բելառուսի նախագահի կարծիքով ՀԱՊԿ-ը ամրապնդման կարիք ունի, քանի որ առաջիկայում ՀԱՊԿ անդամ երկրներին լուրջ մարտահրավերներ են սպասում: