Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող հեռավար նիստում ՀԱՊԿ–ին առաջարկել է Աֆղանստանի շուրջ անվտանգության գոտի, ինչպես նաեւ արգելված ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկ կազմել։
Նրա համոզմամբ` ՀԱՊԿ-ը պետք է բացահայտի եւ դադարեցնի իր անդամ երկրների քաղաքացիների շարժումը դեպի այն տարածաշրջաններ, որտեղ ահաբեկչական ակտիվություն կա։
Ըստ Տաջիկստանի նախագահի՝ ՀԱՊԿ սահմաններին այսօր ավելի քան 6000 ԻՊ զինյալներ կան, որոնք հիմնականում կենտրոնացած են հենց Աֆղանստանում։
Ռահմոնը հիշեցրել է Աֆղանստանում անցյալ տարի օգոստոսին արգելված ահաբեկչական կազմակերպությունների տասնյակ հազարավոր անդամների ազատ արձակման մասին, ինչն էլ ավելի է ամրացրել նրանց դիրքերն ու ռազմական ոգին։
Ըստ նրա՝ քաղաքացիները, ահաբեկիչների աջակցությունից ոգեւորված, կարող են դիմել ամենածայրահեղ քայլերի, ինչի ապացույցն է Ղազախստանում անկարգություններին շարքային քաղաքացիների մասնակցությունը: Տաջիկստանի նախագահը նման գործընթացների կանխման համար կարեւորել է ՀԱՊԿ երկրների իրավապահ կառույցների համագործակցված աշխատանքը։
Աֆղանստանի հետ սահմանակից հատվածում իրավիճակն օրեցօր սրվում է
«Ահաբեկիչները չունեն հայրենիք, չունեն ազգություն, չունեն հավատք։ Նրանց հարկավոր է ոչնչացնել` որտեղ էլ որ լինեն»,– հայտարարել է Տաջիկստանի նախագահը։
Ռահմոնը նշել է, որ Աֆղանստանի հետ սահմանակից հատվածում իրավիճակն օրեցօր սրվում է։ Նա ասել է, որ առանձնապես ուշադրության կենտրոնում պետք է պահել օտարերկրյա կրոնական ուսումնական կենտրոններ սովորելու մեկնող անձանց, քանի որ այդ կենտրոններում նրանք մանրամասն էքստրեմիստական պատրաստություն են անցնում։
«Տաջիկստանը վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ միայն չեզոքացրել է իր քաղաքացիներին միջազգային կրոնական կազմակերպություններում ներգրավելու ալիքները, այլեւ այդպիսի կազմակերպություններից հայրենիք է վերադարձրել իր ավելի քան 5000 քաղաքացիներին»,– ընդգծել է Էմոմալի Ռահմոնը։
Տաջիկստանի նախագահը նշել է, որ ահաբեկչական կազմակերպությունների քարոզչության հետեւանքով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են Իրաքում ու Սիրիայում, նրանց մեծ մասը ոչնչացվել է, մյուսների ճակատագիրն անհայտ է։