Հայ երիտասարդ քաղաքագետը գրում է, որ «Հարյուր տուն՝ Արցախին» ծրագիրը «խաբկանք է»։ Ազգային միակ օրակարգը պետք է լինի Արցախի ազատագրումը՝ առնվազն 1994-ի հրադադարի սահմաններով։
Արցախցի բարձրաստիճան պաշտոնյան հարցազրույցի ամեն առիթով պարտքն է համարում հավաստիացնել, որ «մենք երբեք չենք մոռանա Քարվաճառը, Քաշաթաղը»։
Ե՛վ երիտասարդ քաղաքագետը, ե՛ւ, մանավանդ, արցախցի բարձրաստիճան պաշտոնյան ստույգ գիտեն, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ստատուս-քվոն այլեւս երբեք չի «վերադառնալու», բացառված է ոչ այնքան եւ ոչ միայն աշխարհաքաղաքական բոլոր հնարավոր սցենարների, որքան եւ հատկապես մեր ծյուրած, ծյուրացող հնարավորությունների սառը հաշվարկման տրամաբանությամբ։ Հին աշխարհի փիլիսոփայական կոնստանտը՝ «նույն ջրում երկրորդ անգամ ոտք չես դնի», դեռ մի կողմ թողած։
Եվ այդուհանդերձ, հույսը մեզ չի լքում (եթե նրբանկատորեն ձեւակերպենք, իրականում դա ցնորամտություն է, որի զգացմունքայի՞ն, թե՞ կանխամտածված ներմուծական բնույթի մասին դատողությունները թողնում եմ այլ առիթի), եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն 2022 թվականը հռչակում է․․․ Սփյուռքի տարի։ Նորին սուրբ օծությունը տագնապ ունի, որ հայ-թուրքական հնարավոր (ղազախստանյան խռովությամբ՝ արդեն երեւի թե շատ նվազ հավանական) երկխոսությունը «Սփյուռքը կկտրի Հայրենիքից»։ Ենթատեքստը պարզ է․ Հայաստանը եւ Թուրքիան կարող են հարաբերություններ հաստատել, բայց հայկական Սփյուռքը երբեք չի մոռանա, որ «թուրքի նույնիսկ աճյունամոխիրն է մեր թշնամին»։ (Բնորոշումը, կարծես, Գարեգին Նժդեհինն է կամ Շահան Նաթալիինը, ստույգ չեմ հիշում)։
Մեկուկես տասնամյակ կամ թե Շարժման սկզբից ի վեր հայ իրականությունը համարում էր, որ «Սփյուռքը մեր ուժն է»։ Գրեթե զուգահեռաբար թշնամական քարոզչությունը շրջանառության մեջ դրեց առաջին պատերազմին «Լիբանանից եւ մերձավորարեւելյան այլ երկրներից վարձկան արնախումների մասնակցության» քարոզչական մատրիցան։ Թե ինչու զուգահեռվեցին հայկական եւ ադրբեջանական գնահատումները, քաղտեխնոլոգների եւ ազգային անվտանգության հարցերով մասնագետների ուսումնասիրության առարկա պիտի լիներ։
Բայց ո՞վ է մեզանում նման հարցերի ուշադրություն դարձնում։ Մեզ համար դյութիչ, զգացմունքների պոռթկում հարուցող է պատմական զուգահեռը․ եթե նախանցյալ դարավերջին Ռուսաստանից, եվրոպական երկրներից զինավառ խմբեր էին անցնում Օսմանյան կայսրություն՝ թիկունք կանգնելու լլկվող արեւմտահայությանը, ապա մեր օրերում մի քանի նվիրյալներ ինչո՞ւ չպիտի շտապեին Քեսաբ՝ փրկելու տեղի հայությանը թուրքական «յաթաղանի» սպառնալիքից։
Աղմուկն, իհարկե, ավելի մեծ էր, անհամեմատ մեծ, քան արվածը։ Եվ ի՞նչ։ Նույն օրերին թշնամական կողմը Բեյրութում «լրագրողական դեսանտ» իջեցրեց՝ ոչ անհայտ Էյնուլլա Ֆաթուլլաեւի միջոցով։ Եվ հետեւեց հրապարակումների մի ամբողջ շարք՝ հենց Մերձավոր Արեւելքի ամենահայկական կենտրոնից՝ Բուրջ-Համուդից։ Թշնամական հետախուզությունն էր գործել եւ գործում՝ քարտեզագրելով Բուրջ-Համուդի նույնիսկ վարսավիրանոցները, որտեղ մի հայ սափրիչ լեզվի սայթաքում կունենար եւ, ասենք, որպես ֆրանսիացի ներկայացած Ֆաթուլլաեւին կպատմեր, ինչ որ թուրքը կհասցներ, կկարողանար կորզել։ Հայրենիքից Սփյուռքի օտարման իր տագնապները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Ծննդյան տոնին հնչեցրել է հենց Բուրջ-Համուդում, որ հայկական ընկալմամբ ոչ թե Բեյրութի թաղամաս, այլ ինքնակա քաղաք է եւ հայ քաղաքապետ ունի։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սպասումներ է դա արթնացնում․ եթե Բուրջ-Համուդի «տերը» հայ է, ուրեմն․․․
Շարունակությունը չասենք, որովհետեւ մեր փոխարեն դա արդեն անում է հայաստանյան նախկին քաղգործիչը, որ ֆեյսբուքյան ազատ-անարգել տարածքներում Հայաստանի կառավարությանը ցուրտ հարցադրում է սեպում, թե ինչ է պատրաստ անելու, եթե «ղազախները սկսեն տեղի հայերին հալածել»։ Ոչ թե Ղազախստանի իշխանություններին է դիմում կամ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդներին, թե արդյոք երաշխավորված է Ղազախստանի հայ քաղաքացիների անվտանգությունը, այլ գրեթե բաց տեքստով ասում, որ Ալմաթի մեկնած՝ Հայաստանի խաղաղապահ վաշտը լավ կլիներ, որ զբաղվեր տեղի հայերի ապահովության հարցերով։
Կապ չունի՝ մարդն իրոք ազգակիցների՞ համար է անհանգստանում, թե՞ ուղղակի Հայաստանի իշխանություններից տեղեկատվական «մուռ հանում», արտաքին ընկալումը մեկն է․ «Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությանը հայերը միացել են ոչ այնքան անկեղծ մղումներով»։ Մենք չգիտենք՝ քանի՞ թուրք-ադրբեջանցի է այս պահին Ղազախստանում, ո՞ր ճամբարում են։ Ադրբեջանում այդ մասին երբեք եւ ոչ մի ձեւով չեն խոսի։
Բաքվում ոչ ոք չի պահանջում եւ չի պահանջի, որ Իլհամ Ալիեւը ղազախական խռովության առթիվ պաշտոնական տեսակետ հնչեցնի կամ օդանավ ուղարկի՝ տարհանելու իր քաղաքացիներին։ Ինչ պետք է եւ նպատակահարմար, նրանք կանեն լուռ, եւ որեւէ մեկը չի բարձրաձայնի, որ Ղազախստանի նախագահը մի շարք երկրների շնորհակալություն է հայտնել ցուցաբերած առարկայական եւ բարոյական աջակցության համար, բայց այդ շարքում Ադրբեջանը չկա։ Բաքվում Ալիեւին անարգանքի սյունին չեն գամի, անգամ չեն կշտամբի, թե չի կարելի երախտամոռ լինել, քառասունչորսօրյա պատերազմում «հաղթանակի» շնորհավորանքի դիմաց հարկ է գոնե մի քանի բառ ասել հօգուտ Տոկաեւի։ Պետք լինի, կասի, եթե դրանից Ադրբեջանն ինչ-որ բան շահելու է, ո՞չ, կլռի։
Իսկ սոցիալական ցանցերը պայթեցնող պանթուրքական, ռուսատյաց եւ արեւմտամետ գրառումները, որ հորդալով հորդում են Բաքվից, դիվանագիտական աշխատանքի մաս են։ Երեսուն տարում Ադրբեջանը սեփական եւ թուրքականի հետ սերտաճած՝ լոբբիստական, քարոզչա-տեղեկատվական այնպիսի հզոր ցանց է ստեղծել, որի աջակցության կարիքը երբեմն նույնիսկ հրեաներն են ունենում։
Ո՞վ գիտի այդ գործի կազմակերպիչ մարդկանց, այդ կառույցների տեղակայման վայրը, ֆորմալ եւ ոչ ֆորմալ կապերը, ոչ ոք կամ շատ քչերը։ Որովհետեւ թուրքերը գիտեն․ «Ատելությունը մատուցվում է որպես սառը խորտիկ»։ Որովհետեւ նրանք երբեք չեն ասի՝ «Հարյուր տուն՝ Զանգելանին» ծրագիրը «ոչինչ է, հարցի լուծումը Երեւանի ռազմական ներկալումն է»։ Ուստիեւ Իլհամ Ալիեւը 2022-ը հայտարարել է Շուշիի, իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը՝ Սփյուռքի տարի։
«Մահվան պես հզոր» հայկական այս անիրատեսությո՜ւնը․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։