Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը 14:30-ի սահմաններում կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ համայնքի ուղղությամբ։ Նա հայտնել է, որ տուժածներ չկան։
Ադրբեջանական կրակոցների հետեւանքով հրդեհվել է Կարմիր Շուկա գյուղի բնակիչ Հարմիկ Քոչարյանի՝ մանկապարտեզի մոտ կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան։
Քոչարյանը հայտնել է, որ ադրբեջանական դիրքերից 500-600 մետր հեռավորության վրա գտնվող իր տունը հաճախ է դառնում կրակոցների թիրախ: Ըստ արցախյան կայքերից մեկի՝ կրակոցների ժամանակ տանն այդ պահին երկու անչափահաս երեխա է եղել:
Արցախի ՄԻՊ-ը հավելել է, որ իրավապահները մեկնել են դեպքի վայր:
Արցախի ՊԲ-ն հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումներն ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը՝ այն որակելով որպես հերթական ապատեղեկատվություն:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Միջոցներ են ձեռնարկվել ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:
Ավելի վաղ ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։
Հրշեջ փրկարարները եւս՝ ադրբեջանցիների թիրախում
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում եւս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տեւած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:
Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է: