Ղազախստանի հեղափոխության չեզոքացման գործում Հայաստանի մասնակցության թեման չի սպառվել. ի՞նչ գործ ուներ մեր երկիրն այդ Նուր Սուլթանում։ Զուտ քաղաքականության դիրքերից այն ճիշտ էր, թեպետ բնավ արդարացված չէր։
Ճիշտ էր, որովհետեւ նույնիսկ այլընտրանք չկար, այդ երկրում կարող էր իշխանություն փոխվել, որը Ռուսաստանը չէր նախատեսել։ Հայաստանը ՀԱՊԿ-ում ինքն իրենով ոչ մեկն է, բայց Ռուսաստանի հետ նա ինչ-որ բան է։ Եթե ռուսները որոշում են խցկվել ՀԱՊԿ որեւէ տարածք հենց ՀԱՊԿ-ի անունից, պատերազմում պարտված եւ ռուսների շնորհիվ Ղարաբաղից մի փոքրիկ կտոր պահպանած Հայաստանը ուղղակի մերժելու տարբերակ չունի։
Ճիշտ էր, որովհետեւ ՀԱՊԿ-ն արդեն դառնում էր ծաղրուծանակի թեմա. Հայաստանին ոչնչով օգտակար չեղավ, որովհետեւ չէր էլ կարող լինել, Ադրբեջանը երկիր էր, ոչ թե ահաբեկչական կառույց, որի դեմ պետք էր պայքարել։ Ռուսները Ադրբեջանի դեմ ՀԱՊԿ զորքեր չէին հանի, որովհետեւ պարզ արդարացումը կար՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները ճշտված չեն, եւ սպառված չեն այդ սահմանները ճշտելու խաղաղ հնարավորությունները։
Ռուսները կարող են խոսել պետական միավորների հետ, իսկ ահա ահաբեկիչների հետ խոսել հնարավոր չէ։ Հենց այդ հիմնավորմամբ էլ Հայաստանը ներքաշվեց Ղազախստանի հեղափոխությունը ճնշելու գործում։
Հայաստանի մասնակցությունն արդարացված չէր, որովհետեւ դա մեր խաղը չէր, եւ մեզ դեռ կհիշեցնեն, որ դա մեր խաղը չէր, հատկապես որ մեկ ամիս էլ չկա, ինչ Հայաստանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած Ժողովրդավարական ֆորումին, որով պարզ դարձավ, որ Արեւմուտքը Հայաստանին տեսնում է այն երկրների շարքում, որոնք Ռուսաստանի հետ ընդհանուր ճանապարհ չունեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի հարցով ՀԱՊԿ այսօրվա առցանց գագաթնաժողովում հայտարարել է, թե «ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն»։
Հիմա սա կարդացեք ղազախ հեղափոխականի աչքերով։ Իսկ նա գիտի, չէ՞, որ Փաշինյանը հեղափոխություն է առաջնորդել։ Ուրեմն ինչո՞ւ է սա ասում մեր վարչապետը։ Նա դա ասում է հենց հայաստանցու համար, նա վստահեցնում է, որ այն, ինչին խառնվել է Հայաստանը, անհրաժեշտ է հենց ղազախին, որը երբեք դեմոկրատական ընտրություն չի իրականացրել եւ առաջիկայում դեռ չի էլ իրականացնի։
Իսկ Փաշինյանի խոսքին ի հակադրություն նույն գագաթնաժողովում հնչում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը․ «Մենք թույլ չենք տա զարգացնել իրավիճակը մեր տանը, գունավոր հեղափոխությունների սցենարներ իրականացնել»։ Իհարկե, Հայաստանում հեղափոխությունը գունավոր չէր, բայց դա փորձեք հավատացնել նույն Պուտինին։ ՀԱՊԿ-ն վերջապես բռունցք ցույց տվեց հեղափոխության դեմ։ Հենց այս իմաստով է վտանգավոր հնչում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն միտքը, թե «եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»։
Ի վերջո ի՞նչ է եղել. դեմոկրատիան «ահաբեկչություն» է հենց բռնապետության դեմ։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: