Լիբանանահայ բժիշկ, հասարակական գործիչ Կոստան Յափուջյանը Նոր տարին ընտանիքի հետ դիմավորել է Հայաստանում: 44 օր տեւած պատերազմի եւ դրան հաջորդած օրերի տագնապը Լիբանանում ապրել են ամբողջ ընտանիքով, հայրենիքից հասնող լուրերը հաճախ հակասական էին, ասում է` ցանկություն ունեին անձամբ տեսնել ետպատերազմական Հայաստանը, հանդիպել ընկերներին, մխիթարել պատերազմից տուժած ծանոթ ընտանիքներին:
«Մենք կարող էինք տոները դիմավորել ասենք Պրահայում, բայց այս պահին ճիշտը վիրավոր հայրենիք այցելելն էր: Ունեմ ծանոթներ, որոնք տեղահանվել են Արցախից, ուսանողական տարիների ընկերներս բժիշկներ են, աշխատում են Արցախում, նրանց որդիները կռվել են»,-ասում է 1985-1995 թվականներին Երեւանի բժշկական համալսարանում սովորած, այնուհետեւ Երեւանում մասնագիտական պատրաստություն անցած բժիշկը, որ հետո վերադարձել է Լիբանան, բժշկությանը զուգահեռ զբաղվում է նաեւ հասարակական, սոցիալական ծրագրերով:
«Պատերազմի բոլոր օրերին մենք կառչած էինք լրատվությունից, ուզում էինք հավատալ, որ հաղթանակ կլինի, կարծում էի՝ հօգուտ մեզ ռազմական լուծումը կլիներ, եթե ամեն ինչ պատշաճ կերպով կազմակերպվեր, նախօրոք պատրաստվեր, իսկ ռազմական լուծումից հետո էլ պատրաստ լինեինք դիվանագիտական հաղթանակին: Բայց պատերազմի քսաներորդ օրը ես արդեն հասկացա, որ մի բան այն չէ։ Քարտեզներ էի ուսումնասիրում, ընկերներիս հետ էի կապվում, արդեն հասկացել էի սուտը։ Գուցե այս պատերազմը անխուսափելի էր, բայց Հայաստանի իշխանություններն ավելի դրդեցին, հրահրեցին։ Վարչապետը խոսում էր Սեւրի դաշնագրի մասին: Սեւրի դաշնագիրը մեր՝ արեւմտահայերի ժառանգերիս իրավունքներն է պաշտպանում, մեզ համար շատ կարեւոր է, բայց որ նախորդ ոչ մի ղեկավար այդ մասին չէր խոսում, մենք հասկանում էինք՝ ուրեմն պետք չէ խոսել։ Պատերազմից առաջ Մերձավոր Արեւելքից հայեր են տանում, վերաբնակեցնում Արցախի այդ տարածքներում: Պարզ չէ՞, որ այս եւ ուրիշ մի շարք այլ հանգամանքեր դրդելու էին Ադրբեջանին», -«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասում է լիբանանահայ գործիչը:
Հայաստանում Յափուջյանների ընտանիքն առաջինը Եռաբլուր է այցելել: «Այդտեղ արդեն մենք տեսանք պատերազմի իսկական դեմքը: Երբ որ Երեւանի փողոցներով քայլում ես, տոնական զարդարանք չկա, գիտես, որ պատերազմի պատճառով է, մարդկանց խոսակցություններն ես լսում, հասկանում ես, որ պատերազմ էր, բայց միայն Եռաբլուրում ես զգում իրականությունը»:
Կոստան Յափուջյանը կարծում է, որ զոհերի, վիրավորների հարազատները դեռ ցնցման մեջ են, ամիսներ հետո նրանք ընդվզելու են, պատասխաններ են պահանջելու: «Վերջերս Երեւանում ցույցեր էին տեղի ունենում, այդ ցույցերը ոչինչ են, սպասեք զոհերի, վիրավորների, տուժածների հարազատների ցասումին, այդ ժամանակ չգիտեմ ինչ կլինի»:
Ինչ վերաբերում է այդ ցույցերին, Յափուջյանը վստահ է, որ իշխանափոխություն կլիներ, եթե այդ կուսակցությունները փողոց դուրս չգային: Այս օրերին շատ է զրուցել Հայաստանի շատ բնակիչների հետ, կարծում է, որ նրանք ծայրահեղ դատողություններ ու մոտեցումներ ունեն: «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի բոլոր բնակիչներն ամեն ինչից հասկանում են՝ քաղաքականությունից, գիտությունից, պատերազմից… Տարածաշրջանային ռազմավարական ծրագրերի մասին դատողություններ են անում եւ նույնիսկ իրենց կարծիքն են պարտադրում: Քո կարծիքը մինչեւ վերջ չեն էլ լսում, միանգամից վեճ ու լարվածություն է ստեղծվում: Երբեմն աշխատում եմ թեման չբացել, որ բարեկամությունը չխաթարվի… »,-ասում է՝ ավելացնելով, որ այս մոտեցմամբ մարդիկ ոչ մի տեղ չեն հասնի:
«Ժողովրդի մեծ մասը զայրացած է, որ պատերազմն այսպիսի ելք ունեցավ, ուզում է իշխանությունը փոխվի: Իշխանությունն էլ իր հերթին ասում է՝ ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ, նախորդների վրա է նետում: Մեկը չկա, որ ասի՝ երկուսդ էլ մեղավոր եք: Այսօր մարդիկ կանգնել են երկընտրանքի առջեւ՝ կա՛մ սրանք, կա՛մ՝ նրանք: Ես կարծում եմ՝ կա՛ երրորդ ընտրանքը: Շատ միջոցներ կան իշխանություն ձեւավորելու: Պարտադիր չէ միապետական կառավարում լինի, կոալիցիաներ կարող են լինել: Պետք է դուրս գանք սուպերվարչապետության պարտադրանքից: Վարչապետը մի գրչով չի կարող ամեն ինչ որոշել: Ճիշտ է՝ նա ասում է պատերազմի հարցով խորհրդակցել է խորհրդարանի հետ, բայց մեծամասնությունն իր կուսակիցներն են, ո՞ւմ հետ է խոհրդակցել, ստացվում է՝ ինքն իր հետ: Սա արդեն մի քիչ մեծագարություն է»,-ասում է Կոստան Յափուջյանը:
Նա շատ է ցավում, որ հայերը միշտ ներկայացել են որպես խելացի ազգ, բայց այսօր ելքեր չեն գտնում: «Մենք պետք չէ այս վիճակի մեջ հայտնվեինք, մենք գիտնականներ, ակադեմիկոսներ, մտավորականներ ունենք, ու՞ր են, ինչո՞ւ են դաշտը թողել պոպուլիստներին, դրամապաշտներին, դրամ ունեցողներին… Խելոք մարդիկ վերջացա՞ն մեր ժողովրդի մեջ»:
Ասում է, որ նույն հիասթափությունն ապրում է ամբողջ լիբանանահայությունը, որ պատերազմի առաջին օրվանից շունչը պահած հետեւել ու հավատացել է, ամեն ինչով օժանդակել: Հիմա, երբ որ կրկին օգնության հարց է լինում, ինձ հարցնում են՝ ի՞նչ անենք, խորհուրդ եմ տալիս գնալ Հայաստան եւ անձամբ օժանդակել, չվստահել իշխանություններին: «Լիբանանի նավահանգստի աղետից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եկավ, երեք հարյուր միլիոն դոլար բերեց, բայց Լիբանանի իշխանություններին չտվեց, բաժանեց վստահելի հասարակական կազմակերպություններին, որոնք հաշվետվություն ներկայացնելու փորձ ունեն: Մի կողմից մենք օգնություն ենք ուղարկում Հայաստան, մյուս կողմից լսում ենք վերնախավին տրվող պարգեւավճարների մասին: Պարգեւավճարը լավ բան է, ես էլ եմ ստանում, իմ աշխատողներին էլ եմ տալիս, բայց ոչ թե՝ ամեն ամիս․ չկա աշխարհում մի երկիր, որտեղ ամեն ամիս պարգեւավճարներ են բաժանում: Առհասարակ, եթե մենք ժողովրդագրական հարց ունենք երկրում, պարգեւավճարները առայժմ պիտի բաժանվեն շատ երեխաներ ունեցողներին: Այս իշխանությունը բյուջեի մսխման դեմ էր նաեւ պայքարում, բայց նույն բանն է անում: Ժողովրդի հիշողությունն էլ կարճ է, ժողովրդին պետք է անընդհատ հիշեցնել»:
Սփյուռքահայությունը, ասում է, հիասթափված է, բայց հայրենիքը մնում է հայրենիք, վստահ է՝ նորից կգան, կվերագտնեն հայրենիքը. «Իշխանությունները ժամանակավոր են, հայրենիքը՝ մնայուն»:
Մեր զրուցակիցը, սակայն, այս պահին Հայաստանի վերածնվելու հույսերը շատ չնչին է տեսնում. «Առայժմ լավ բան չեմ տեսնում: Քաղաքական ճգնաժամ է: Տնտեսական իմաստով վայրէջք կա, դրամը տեղաշարժվել է, խանութներում ապրանքների գների բարձացում կա, շուտով գյուղմթերքն էլ կթանկանա: Եթե դռները բացվեն, արտագաղթի դիմումներ կլինեն… Վշտահար ընտանիքներն են ավելացել, մի հայկական գաղութ էլ է ավելացել՝ այս անգամ Արցախում, Ռուսաստանի տիրապետության տակ: Ցույց տվեք մի լավ բան, որի վրա հենվելով ասեմ՝ լավ կլինի»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։