Աներս հոկտեմբերին արաղ էր քաշում: Նրա տունը Գանձասարի վանքի դեմ-դիմացն է՝ ձորալաջին: Հորենական տնից մի ձեռք անկողին են տվել, մի կով: Տունն ինքն է հիմքից կառուցել, չորս երեխա մեծացրել կնոջ հետ, որ 2019-ին տեւական հիվանդությունից հետո օգոստոսյան մի օր հանգիստ հեռացավ աշխարհից:
Գյուղում թոռնատեր որդի ունի, բայց աներս մնաց իր տանը: Իր այգու, բանջարանոցի, տասը փեթակ մեղվի եւ հի՜ն հուշերի հետ: Երեք պատերազմ է տեսել՝ Հայրենական մեծ, ղարաբաղյան առաջին ու քառասունչորսօրյա:
Դպրոցը թողել է երրորդ կամ չորրոդ դասարանից, բայց երկրաչափության ուսուցիչների հետ գրազ կգար եւ կշահեր՝ ատաղձագործ վարպետի աչքի ստույգ իմացոությամբ նշելով շրջանագծի կենտրոնը: Եւ բոլորին հաղթում է՝ շախմատ խաղա, նարդի, շաշկի, թե բլոտ:
Հոկտեմբերին արաղ էր քաշում, որ պատերազմից վերադարձող թոռների հետ մի-երկու բաժակ խմեր, հաղթանակը շնորհավորեր: Թոռները ողջ-առողջ ետ եկան, բայց՝ որպես պարտված բանակի պահեստազորային: Նոյեմբերի կեսերին տղան Ռուսաստանից եկավ, հորը տարավ: Աներս հիմա Յարոսլավլում է: Օրը երեք-չորս անգամ վայբերով զանգում՝ որպիսություն է հարցնում ու թե՝ ականջին հասել է, որ գյուղի տան, այգու վրա աչք ունեցող կա: Անասունը քշել են գոմը, կողքի մատղած ծառերը կճղակների տակ են տվել:
Ասում է՝ փետրվարի ամենաուշը կեսերին գալու է, որովհետեւ մարտի սկզբը կարտոլ ցանելու իսկական ժամանակն է: Թե չէ սերմացուն կծլի, կանպետքանա: Ասում է՝ գարնան գլուխ մեղվափեթակները պիտի բացվեն, նայվեն՝ մեղուն կա՞: Հազարումի բան է ասում:
Նախագահական վերջին ընտրություններին երկու հարյուր հոգանոց դահլիճից միայն ինքն է կանգնել եւ Արայիկ Հարությունյանին ասել, որ հի՜ն ստալինյան-կոլխոզային տարիներին իրենց գյուղում մի մետր անհերկ հող չի եղել: Կարտոլ են ցանել, գարնան ցորեն, գարի, կորեկ: Ասել է՝ հիմա էդ հողերը մոշուքոլ կոխած՝ ստերջ են, բերք չեն տալիս: Լեւոն Հայրապետյանի բարերարությամբ երես առած ջահելները ծիծաղել են, թե՝ այ մարդ, աշխարհը Մարսի վրա կյանք է որոնում, դու էդ ինչե՞ր ես խոսում,- ինքը չի հանձնվել. «Եթե էդ հողերը խամ մնացին, հաշվեք որ էս գյուղն ապագա չունի»:
Նոյեմբերի 10-ի համաձայնությամբ գյուղի սահմանները կրճատվել են: Արոտի տարածքներն անցել են Քելբաջարին, հերկի հողերն՝ Աղդամին: Փայտամշակման արտադրությունը վաղուց է փակված: Մի երկու ռեստորան-հյուրանոց կա՝ հազիվ թե աշխատի: Զբոսաշրջիկների հոսքը հաստատ աղետալիորեն կրճատվելու է: Իսկ գյուղը մեկուկես հազար բնակիչ ունի: Աներոջս հեռավար խոսակցության թեման է: Ինձ է հարցնում՝ պատասխան չունեմ: Մի պարկ ալյուրի, հինգ կիլո շաքարավազ-լավպշա-վերմիշելի բարեգործությամբ գյուղ չես պահի: Նոյեմբերի սկզբին անասունները ջրի գնով տվել են: Հիմա ափսոսում են, որ գոնե մեկ-երկու կթու կով չեն պահել: Եկող աշուն մսի գները երկինք կթռչեն: Ասում է՝ որ կով լիներ, կպահեի:
Ութսունութ տարեկան է աներս եւ, ինչքան իրեն հիշում է, աշխատանքի է եղել՝ եզնարած, հոտաղ, հյուսնի աշկերտ: Հետո մի երեսուն-քառասուն տարի՝ «ստախանովական» ատաղձագործ՝ շքանշանակիր, ում մասին մինչեւ Բաքու բոլոր թերթերն են գրել: Հիմա չգիտի՝ մնու՞մ են էդ գրածները:
Հանգուցյալ զոքանչս կատակում էր, թե ղեկավարությունը փող է թխել, իրեն սուտ մեդալով խաբել, աներս բորբոքվում էր: «Բա որ ամեն տարի պետության հաշվին Կիսլովոդսկ էի գնում, էդ հե՞չ»: Կյանքի լավագույն հուշերը բանակային ծառայությունից եւ Կովկասի հանքային ջրերի հանսգտավայրից են, բայց ասում է. «Ես մեր շենը դրախտի հետ էլ չեմ փոխի»: Եւ ստույգ գիտի, թե դամբուլի արաղը ո՞ր «շտոֆի» մեջ է, խնձոր-մնձորինը՝ որ: Ու երբ միայն իրեն հայտնի գաղտնարանից բերում-սեղանին է դնում լիտրանոց գրաֆինը, մյուսներից ծածուկ ինձ ասում է. «Սա նրանից է»: Հատուկ քաշած արաղ, որ պահում է լավ օրվա համար: Հարեւանների, տուն եկող-գնացողի համար խառը մրգօղի ունի՝ հյուրասիրում է: Գոհ են մնում: Հետո ոտքները կախ են գցում, բայց երկրորդ անգամ գրաֆինը սեղան չի գալիս:
Պատրաստի կեսլիտրանոց ունի պահած, տալիս է՝ գնան իրենց տանը խմեն: Հարբած մարդու հետ գլուխ չունի, որովհետեւ իրենը երեք թերատ բաժակն է: Կյանքում ավելին չի խմել: Երբեմն էլ մի բաժակ կոնյակ է «կուլ տալիս»: Մի քսան տարի կլինի՝ սուրճին սովորել է: Ինքն է դնում: Եւ լի սեղանից մի կտոր միս ուտի-չուտի: Իրենը կաթումածունն է, արաժանը:
Հիմա խոսում է Յարոսլավլից, որտեղ ցրտաշունչ ձմեռ է, սառնամանիք: Ծոռների հետ շախմատ է խաղում: Ասում է՝ գալիս եմ: Ասում ենք՝ էստեղ էլ ցուրտ է: Ասում է՝ փետրվարի ամենաուշը կեսերին իմ տանը, իմ գործի գլուխ պիտի լինեմ: Ութսունութ տարեկան է եւ միայն գիտի, որ սարի ձմեռանոցում է ծնվել, երբ անտառը լրիվ տերեւաթափված է եղել: Նրա տունը Գանձասարի վանքի դեմ-դիմացն է՝ ձորալանջին:
Տեղը հարթեցրել, հիմնապատ է դրել, լանջից մի ընդարձակ բակ է ստեղծել՝ հարթ, բետոնապատ: Տան պատերը բարձրացրած տարում տեղական մուսկատ խաղողի երկու որթ է տնկել՝ լավ բերք է ունենում, եթե կակուտը չի խփում: Վաղ առավոտն արթնանում, պետքերը հոգում, ծորակի տակ լվացվում է, նայում վանքին ու. «Բարի լույս, այ սրբալույս, այ Սուրբ Մկրտիչ, դու երեխեքիս հակին լինես»:
Թեեւ հավատացյալ չէ, բայց տարին մի անգամ աքլոր է վերցնում, ոտքով բարձրանում Գանձասար, երեք անգամ պտտվում սրբավայրի շուրջը, իր ձեռքով մորթում՝ տալիս, որ վանահայրը կեսօրահացին ուտի: Մինչեւ նախանցյալ տարի ետդարձի ճանապարհն ուղիղ էր: Հիմա թեքվում, կնոջ գերեզմանի մոտ մի քանի րոպե լուռ կանգնում, արտասվում, հետո իջնում է տուն: Եւ մինչեւ մութն ընկնելը բանում է: Այգում: Բանջարանոցում: Մեղվանոցում:
Նա կգա եւ դարձյալ կասի. «Բարի լույս, այ սրբալույս: Այ Սուրբ Մկրտիչ, դու երեխեքիս հակին լինես…»։
Երկրի օրհնության նրա խոսքը դա է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։