Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակման աճի տեմպերը շատ երկրներում կայունացել են, թեեւ զգալիորեն գերազանցում են «Դելտա» շտամի տարածման արագությունը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ «Օմիկրոն» մանրէահիմքի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը պարզելու համար: ԱՀԿ-ն նշված տվյալներն ակնկալում է ստանալ առաջիկա շաբաթվա ընթացքում:
Դեկտեմբերին ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Կերկհովեն հույս էր հայտնել, որ կորոնավիրուսի համավարակին վերջ կտրվի 2022-ի վերջին:
ԱՄՆ-ում մեկ օրում՝ ավելի քան 1,13 միլիոն դեպք
ԱՄՆ-ում հունվարի 10-ին նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,13 միլիոն դեպք է հայտնաբերվել: Ըստ Reuters գործակալության՝ դա համավարակի սկզբից ի վեր ռեկորդային օրական աճ է աշխարհի բոլոր երկրների հաշվով:
Բոլոր նահանգները դեռ չեն հասցրել հրապարակել անցած օրվա հիվանդացության տվյալները, եւ վերջնական թիվը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի մեծ կլինի: Նախորդ ռեկորդն արձանագրվել էր հունվարի 4-ին, երբ ամերիկացի բժիշկները մեկ օրում հայտնաբերել էին կորոնավիրուսի հարուցած հիվանդության 1 միլիոնից ավելի դեպք «Օմիկրոն» մանրէահիմքի տարածման պայմաններում: Մինչ այդ ռեկորդային ցուցանիշն արձանագրվել էր դեկտեմբերի վերջին օրը, երբ կորոնավիրուսով վարակման 590 հազար դեպք էր հայտնաբերվել:
Քովիդով հոսպիտալացվածների թիվը հասել է 132646-ի՝ գերազանցելով անցյալ տարվա հունվարի ռեկորդը՝ 132051 հիվանդներով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ հունվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման ամենից շատ հաստատված դեպքեր արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 59 138 083 մարդ: ԱՄՆ-ին հետեւում են Հնդկաստանը (35707727), Բրազիլիան (22499525), Մեծ Բրիտանիան (14475196) եւ Ֆրանսիան (11823789): Կորոնավիրուսից ամենաշատ թվով մարդիկ են մահացել ԱՄՆ-ում՝ 830 334: Մահվան դեպքերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան (619 937), երրորդում՝ Հնդկաստանը (483936), ապա՝ Ռուսաստանը (316904) եւ Մեքսիկան (300303):