Հունվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Զրուցակիցները միմյանց շնորհավորել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ գոհունակություն հայտնելով հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա:
Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, եւ այս ձեւաչափում աշխատանքների լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձել են հրատապ լուծում պահանջող մարդասիրական հարցերին:
Միրզոյանը կարեւորել է ռազմագերիների ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը:
ՀՀ արտգործնախարարը Քերըն Դոնֆրիդին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին եւ կարեւորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացին:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաեւ Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը: Կողմերն անդրադաձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերի: