ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ հունվարի 11-ին՝ 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաեւ հրետանային միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։
Գյուղում կրակոցները լսվում են
«Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Նորաբակի վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանն ասել է, որ գյուղում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից արձակված կրակոցները լսվում են։
Telegram ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, թե Նորաբակ գյուղի մոտակայքում մարտեր են ընթանում, եւ ընդհանուր առմամբ հայկական կողմն ունի 5 վիրավոր, սակայն վնասվածքները թեթեւ են, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Գյուղում մի քանի րոպե առաջ կրակոցներ լսվում էին, ժամը 5-ից հետո են սկսել։ Գյուղում մարդիկ վախեցած չեն։ Վիրավորներ ունենք, բայց իրանք պոստում են, գյուղից հեռու են»,– նշել է Ասատրյանը։
Հարցին՝ արդյոք անօդաչու թռչող սարքեր նկատել են, Նորաբակի վարչական շրջանի ղեկավարն ասել է, որ նման բաներ չեն տեսել։