ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության պատճառով ապօրինի հատվել է 344 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառ։
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին) եւ 2-րդ (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ) մասերով։ Նախաքննությունն ավարտվել է։
Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը եւ անտառպահպանության ինժեները, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ եւ հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել:
Նրանք պարբերաբար շրջայցեր չեն կատարել, ինչի պատճառով Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության 3 պահաբաժնում հայտնաբերվել են 344 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառերի ապօրինի հատման փաստեր։ «Այսպիսով՝ բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս` ավելի քան 30 մլն դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա կալանք է դրվել:
Դատախազը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու համար։