Հայաստանում կտրուկ նվազել է կյանքի միջին տեւողությունը. սրա մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը:
2020 թվականին տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը մեր երկրում եղել է 68.4 տարի: Սա, 2000 թվականից սկսած, Հայաստանում արձանագրված ամենացածր ցուցանիշն է:
Վերջին տասը տարում իրավիճակը դանդաղ տեմպերով բարելավելու որոշակի միտումներ էր դրսեւորել: Արդեն 2019-ին տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը հասել էր 73.1 տարեկանին: Բայց հաջորդ տարի՝ 2020-ին, իրավիճակը գլխիվայր շրջվել է: Պատճառը առաջին հերթին 44-օրյա աղետալի պատերազմն է, որին զոհ դարձավ 18-20 տարեկանների սերնդի մի զգալի մասը:
Կյանքի սպասվող միջին տեւողությունը ծննդից, 2010-2020 թթ․
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020-ին Հայաստանում մահացել է 36170 մարդ, որից 20031-ը՝ տղամարդ: Այստեղ ներառված են նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետեւանքով արձանագրված դեպքերը, որոնց «քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են 2021-ի հունվար-մարտին»: Վիճակագրական կոմիտեն նաեւ պարզաբանել է՝ 2020-ի մահացության ցուցանիշները դեռ կվերանայվեն:
Մինչ այդ, պաշտոնական տվյալներով, 2020-ի ռազմական գործողությունների հետեւանքով մահացածների թիվը կազմել է ընդհանուր թվի 8 տոկոսը (Հայաստանում մահվան պատճառների առյուծի բաժինը շարունակում են լինել արյան շրջանառության համակարգի հիվանդություններն ու նորագոյացությունները):
Մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների 2000, 2010, 2020 թթ․
(%-ով ընդհանուրի նկատմամբ)
Եթե մահացության ցուցանիշը նայենք ըստ տարիքային խմբերի, պատկերը, մեղմ ասած, ողբերգական է: Մահացած տղամարդկանցից 1038-ը 15-19 տարեկաններն են, 640-ը՝ 20-24 տարեկանները:
Կարծում ենք՝ ավելորդ է նշել, որ վերջին տարիներին այս տարիքային խմբերում մահացության նման բարձր ցուցանիշ չի արձանագրվել, եւ սա «աննախադեպ է»: Եվ իսկապես այս «աննախադեպ» ողբերգական պատկերը պարզապես կարող էր չլինել: Բայց եղավ…
Վերադառնանք կյանքի միջին տեւողությանը: Հայաստանում 2020-ին կանանց կյանքի միջին տեւողությունը եղել է 78.6 տարեկանը, ինչը պակաս է նախորդ տարվա համեմատ: Իսկ վերջին տասը տարում ամենացածր ցուցանիշը արձանագրվել է 2010 թվականին:
Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ էլ. կանանց կյանքի միջին տեւողությունը վերջին տասը տարիներին տղամարդկանցից մշտապես ավելի բարձր է եղել. տղամարդկանց դեպքում այս ցուցանիշը երբեք չի հասել 75 տարեկանին, իսկ կանանց շրջանում երբեք չի նվազել 75-ից (համենայն դեպս վերջին քսան տարում):
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: