ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը հայտնել է, որ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողներից 27-ի մայրերը վերարտադրողական բժշկության ծրագրի շնորհիվ 2022 թվականին կրկին երեխա կունենան։ Զոհված զինծառայողների մայրերից 2-ն արդեն ծննդաբերել են։
Փաշայանը նշել է, որ շուրջ 200 շահառու է դիմել այդ ծրագրով։ Նա հավելել է, որ պետությունը ֆինանսավորում է զոհված զինծառայողների մայրերի համար վերարտադրողական բժշկությունը՝ առանց սահմանափակման։
Նունե Փաշայանը շեշտել է, որ Հայաստանում անպտղության հաղթահարման ծրագրով 2021-ին զգալի արդյունքներ են գրանցվել, տարին բավականին բարենպաստ է եղել։
«Դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնվել է 76 երեխա, արձանագրվել է 211 հղիություն։ Սա կապված է նաեւ նրա հետ, որ գրեթե 2 անգամով ավելացել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն ի սկզբանե մեծ է եղել, եւ միայն նախորդ տարվա ընթացքում սպասարկել ենք 857 շահառուի»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ նշել է Փաշայանը։
Անպտղության բուժման եւ հաղթահարման ծրագիրը մեկնարկել է 2019-ի սեպտեմբերի 9-ից։ Ծրագրից կարող է օգտվել 5 խումբ. ընտանիքներ, որտեղ զույգերից մեկն ունի հաշմանդամություն, կամ զույգերից մեկը զինծառայող է, անապահովության 28 եւ ավելի միավոր ունեցող ընտանիքները, սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներն ու զոհված զինծառայողների ծնողները (մինչեւ 42 տարեկան):
Նշենք, որ 2020-ին ընդլայնվել է սահմանամերձ բնակավայրերի ցանկը: Այժմ այս ծառայություններից կարող է օգտվել 38-ի փոխարեն 184 համայնք: