«Մեր կյանքը բաժանվել է երեք մասի՝ Գեւից առաջ, Գեւի հետ ու Գեւից հետո»․ 44-օրյա պատերազմում անմահացած Գեւորգ Կիրակոսյանի երեք քույրերից մեկն է ասել, մյուսն էլ ավելացրել՝ «եռաստիճան այս բաժանումի մեջ մեզ բոլորիս համար ամենաջերմը Գեւի հետ ապրած տարիներն են»։
Կիրակոսյանների ընտանիքի՝ երեք մասի բաժանված կյանքի դրվագներն են ներկայացված «Լեյտենանտ 409» գրքում, որոնք վերհիշել, խնամքով շարադրել ու որպես հուշագրություն ներկայացրել է Գեւորգի ավագ քույրը՝ Էլզա Կիրակոսյանը։ Գրքի համահեղինակն է Հրաչյա Պապինյանը։
Գեւից առաջ
1996 թվականն է։ Կիրակոսյանների երեք դուստրերը շատ են ուզում եղբայր ունենալ ու գրեթե ամեն օր թախանձագին խնդրում են մորը՝ իրականացնել իրենց ցանկությունը։ Ու խոստանում են, որ «կպահեն, շորերը կլվանան, կարդուկեն ու կզբաղեցնեն երեխային, մենակ թե ախպեր ունենան»։ Հագվիում ապրող նրանց վրացուհի տատն էլ հարեւաններին իր երազն է պատմում․ «Էրազումս Ստալինը գլխարկը հանել ա, դրել ա իմ գլխին ու ասել ա՝ Ստալինը կա։ Մինն ու մինը տղա բերիլ տի»։
1996 թվականի դեկտեմբերի 22-ին ծնվում է Գեւորգը։ Էլզայի, Էսմայի եւ Էռնայի համար նա երազած եղբայրն էր, ծնողների համար՝ երկար սպասված արու զավակն ու չորրորդ երջանկությունը, իսկ հայրական պապի համար՝ գերդաստանի շարունակությունը։
«Լուսահոգի պապս այնքան էր ուրախացել, որ «մաղարիչին» գինի էր խմել, ինչը նրան խիստ հակացուցված էր։ Վրացուհի տատս իր առանձնահատուկ հայերենով հորդորում է՝ Ռաչո (Հրաչո), խմի՛լ մի, ճնշումդ բցրանալ տի, դեղ չտեմ տալ, որին հետեւում է պապիս պատասխանը՝ տալիս չես, տալ մի։ Արդեն մեռնեմ էլ՝ վեջս չի։ Տանս ծուխը ծխացնող ունեմ․․․»,- «Լեյտենանտ 409» գրքի առաջին դրվագներում պատմում է Էլզա Կիրակոսյանը։
Հետո Գեւորգը տուն է գալիս։ Ու սկսվում են «Գեւի հետ» տարիները։ Իրար հերթ չտալով՝ քույրերը խնամում են փոքրիկին, ինչպես խոստացել էին մորը։
«Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի դրվագները տեղ-տեղ ինձ հիշեցնում են մեր ընտանիքի մոդելը, որտեղ երեխայի հետ բոլորը «հիվանդանում», բոլորը «ապաքինվում» են։ Բոլորս Գեւորգի հետ շնչում ու արտաշնչում էինք։ Քնած ժամանակ անգամ երեխան մեր մշտական հսկողության տակ էր, հաճախ նաեւ շնչառությունն էինք հաշվում։ Մինչ մեր ձայներին արձագանքելը նա «խուլ» էր, մինչ առաջին բառն արտաբերելը՝ «համր»։ Իսկ երբ սոված էր ու չգիտես ինչու չէր ուտում, երեք քույրերով լաց էինք լինում»,- վերհիշում է հեղինակը։
Ինչպես Գեւորգի ծնունդը, այնպես էլ նրա կյանքի բոլոր կարեւոր իրադարձությունները Կիրակոսյանների ընտանիքում տոնի են վերածվել։ «Մինուճար, երկար սպասված, չարաճճի» տղայի համար հասանելի է եղել ամեն բան․ ընտանիքի անդամներից սկսած մինչեւ հարազատ-բարեկամներ, ընկերներ ու հարեւաններ ապրել, ուրախացել են Գեւորգով, միշտ փորձել ինչ-որ լավ բան անել նրա համար։ Բոլորը կարծես շտապել են, որ նա ամեն ինչ ունենա եւ իմանա․ հինգ տարեկանում Գեւորգը սկսել է մեքենա վարել սովորել, իսկ ավելի ուշ՝ պատանեկան տարիքում, դաշույնների եւ տարբեր զինատեսակների հավաքածու ուներ։
Մանկապարտեզ, դպրոց, ուսումնարան․․․ բոլոր փուլերում շատ են եղել հիշարժան պատմությունները, որոնք հյուսվել են ծննդավայր Ալավերդիում, հայրական գյուղում՝ Հագվիում, ու Վրաստանում, որտեղ մայրական կողմի պապն ու տատն են ապրել։ Եվ, ինչպես ներկայացնում է քույրը հուշագրության տողերում, «ի՞նչ մանկություն առանց Վրաստանի, որը կարծես հիվանդագին մոլուցք էր դարձել եղբորս համար։ Նա արձակուրդներին սիրում էր գնալ Գորի եւ Բաթումի։ Վրացերենին հրաշալի տիրապետող տղան այնտեղի մեր հարազատների տներում իրեն զգում էր այնպես, ինչպես սեփական ընտանիքում»։
Ապա ներկայացվում են Գեւորգի կյանքի ռոստովյան տարիները․ նա Ռուսաստանի Հարավային Դաշնային համալսարանում է ստացել բարձրագույն կրթությունը։
«Մարդիկ հատում են օվկիանոսներ, անցնում մայրցամաքներ՝ գանձեր գտնելու համար, բայց այդպես էլ չեն գտնում։ Իսկ ես օտար ափերում գտա իմ գանձը, դա ուսումն է»,- ասել է Գեւորգը։
Օտարության մեջ էլ նա կարողանում է վառ ու գունեղ օրեր անցկացնել՝ շուրջը համախմբելով հայ եւ օտարազգի ուսանողներին։ Ապագա իրավաբանի համար ծնողներն «ավելի լավ կյանք» էին պլանավորել․ իրենց որդին պետք է ծառայեր Ղրիմում, ինչին կհաջորդեր մասնագիտական առաջընթացը։ Բայց Գեւորգը որոշում է՝ եթե ծառայել, ապա միայն Հայաստանի Հանրապետությանը։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մեկ տարի սովորելուց հետո արդեն լեյտենանտ Կիրակոսյանը մեկնում է Արցախ՝ Մատաղիս։ Վիճակահանությամբ է որոշվում։ Հայրը սրտնեղել էր, պատմում է քույրը, իսկ եղբայրը՝ ժպտացել։ Այդպես էր նրա կյանքը կապվել Արցախի հետ, որտեղ, ըստ հարազատների, իրեն անպատմելի լավ էր զգում։
«Լեյտենանտ 409» գրքում հեղինակը հիշում է, թե ինչպիսի սիրով ու պատասխանատվությամբ էր Գեւորգը վերաբերվում իր աշխատանքին՝ ծառայությանը, եւ ինչպես էր արձակուրդի ընթացքում հաշվում ժամերը՝ վերադառնալու համար։
«Ես տանն եմ։ Հայաստան էղած ժամանակ ուշք ու միտքս դիրքերն ու տղաներն էին»։ Իսկ վերջում կրկնում էր իր ավանդական «դուք դա չեք հասկանա»-ն։ Ամեն անգամ դիրքեր էր բարձրանում եւ գրում մեզ՝ բարեւներ դարպասից։ Հետո նաեւ հումորով ավելացնում էր՝ մամ ջան, կարաս պարծենաս ու հանգիստ քնես, էսօր տղեդ ամբողջ Հայաստանի հերթապահն ա»։
Գեւորգ Կիրակոսյանի կարճատեւ, բայց բուռն կյանքի դրվագներն ընթերցելով՝ համոզվում ես, որ նրա՝ աշխատանք դարձած զինվորական ծառայությունն էլ տոնի նման էր անցնելու, եթե չլիներ պատերազմը։ Անսպառ հումորը, կենսասիրությունն ու լավատեսությունը միշտ ուղեկցել են 23-ամյա տղային։ Նաեւ իրենց աղոթքները, ասում է Էլզան, որոնք այս անգամ անզոր էին։
«Իմը մի մեր չի, իմը չորս մեր ա»,- մի անգամ ասել է եղբայրս իր ընկերներից մեկին՝ վստահ լինելով հավանաբար, որ մեր աղոթքներն իրեն կփրկեն անգամ ամենաբարդ իրավիճակներից։ Իսկ ընտանիքում միշտ հանգիստ են եղել․ Գեւորգի ծնունդը եւ ընդհանրապես շատ դիպվածներ Աստծո ձեռքի գործն են համարել։
«Հոկտեմբերի 9-ին եղբորս հատուկ առաջադրանքի են ուղարկում։ Գիտակցելով, որ կարող է այլեւս չվերադառնալ, նա զանգահարում է բոլոր սիրելի մարդկանց։ Զինվորներից մեկին նույնիսկ խնդրում է զանգել Դավիթին եւ փոխանցել՝ հնգերդ գնում ա մեռնելու։ Հանկարծակի սկսված ռմբակոծության ընթացքում Կոմանդորը վիրավոր զինվորի կողքին էր եղել եւ նկատելով մոտեցող ԱԹՍ-ն՝ իր մարմնով վահան էր դարձել նրան՝ հավատարիմ մնալով «ե՛ս եւ ո՛չ զինվորս» երդմանը»,- եղբոր զոհվելու դրվագն է շարադրում Էլզա Կիրակոսյանը։ Կրտսեր քույրն էլ ավելացնում է՝ գեղեցիկ ծնվեց, գեղեցիկ ապրեց, գեղեցիկ էլ անմահացավ։
Գեւից հետո
«Լեյտենանտ 409» գրքի վերջին բաժնում հուշեր ու խոնարհումի խոսքեր են, Գեւորգին նվիրված բանաստեղծություններ ու նրա լուսանկարները։ Կամ առանց Գեւորգի դառնահամ իրողությունն է, որ ընտանիքի, հարազատների ու նրան ճանաչողների համար միշտ նույնը կմնա։
«Բոլոր անմահացած հերոսների ընտանիքները շատ լավ գիտեն, թե ինչ է հետոն։ Այդ հետոյի մասին խոսելն ամենադժվարն է, մանավանդ, երբ հետո քեզ հասած իրերն ես շոյում, հագուստը գրկում ու երկար քթիդ սեղմում, թեկուզ շնչահեղձ լինելով՝ փորձում հոտ քաշել, մի վերջին անգամ զգալ ծանոթ, անուշ բույրը, հետո արագ-արագ փակում ես զգեստապահարանի դուռը, որ հանկարծ չանցնի, չցնդի այդ թանկ հոտը»,- իրենց ապրած հուզառատ ու ծանր զգացողություններն ընթերցողին է փոխանցում հեղինակը։
Արդեն երկրորդ տարին Գեւորգի ծննդյան օրն ընտանիքում առանց տոնի է անցնում։ Հավաքվում են, այցելում շիրիմին, զրուցում, շարունակում ապրել եւ վերապրել նրա հետ անցկացրած օրերը։
25-ամյակին հյուրեր շատ կային․ «Լեյտենանտ 409» հուշագրության շնորհանդեսն էր։ Գիրքը ներկաներին հանձնվեց «Ես կամ» մակագրությամբ։ Բառերն այս պատահական չեն ընտրվել, ինչպես պատահական չէ գրքի շապիկի դարձերեսին գրված նախադասությունը, որ պատերազմից ամիսներ առաջ ընտանիքին ուղղված նամակում էր գրել՝ «Եթե սաղ աշխարհն էլ ասի, որ Գեւորգը չկա, իմացեք՝ ես կամ․․․»:
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։