ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 12-ին մամուլի ասուլիսում ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական բոլոր հայտարարությունները կեղծ են, իսկ հայելային հետքաշման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը` սխալ քաղաքականություն։
Հայելային հետքաշումը չի ապահովում մարդու իրավունքները
«Խաղաղասիրական հայտարարությունները կեղծ շղարշ են միջազգային հանրության համար՝ իրական դեմքը քողարկված պահելու նպատակով։ Մեր ԱԳ նախարարության առաջարկն էլ անտեսում է մարդու իրավունքները։ Հարգում եմ ԱԳՆ-ի աշխատանքը, բայց սա սխալ մոտեցում է։ Բավական է, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։ Եթե մենք շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրկվենք նաեւ անվտանգությունից», — ընդգծել է Պաշտպանը։
ԱԳՆ հայտարարությունը մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է
Նա նշել է, որ հարց է առաջանում՝ ո՞ւր պետք է հետ քաշվի հայկական կողմը, որտեղի՞ց, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է քաղաքացիների տների միջով, հողերի միջով, հետեւաբար այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները։
Թաթոյանը ԱԳՆ հայտարարությունն անվանեց մարդու իրավունքներն անտեսող առաջարկ։ Նա ասաց, որ քաղաքական ու ռազմական պաշտոնյաները պետք է դադարեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։
«Մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով»,- հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Գլխավոր երաշխիքը ադրբեջանական զինծառայողների հեռացումն է
Արման Թաթոյանը նշել է, որ պատերազմից հետո մեկ գրամ անգամ չի նվազել ադրբեջանցիների ատելությունը, հայատյացության քաղաքականությունը։
Պաշտպանն ընդգծել է, որ խաղաղությունը կարեւորագույն, բարձրագույն արժեքն է, բայց հայկական կողմը, սեփական իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունենալով, ավելի մեծ խնդիրների առաջ կարող է հայտնվել։ Թաթոյանը վստահեցրել է, որ գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է։
ԱԳՆ-ի հայտարարության խոցելի կետը
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, հունվարի 11-ի հայտարարության մեջ դատապարտելով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, նշել էր, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը եւ սահմանագծի երկայնքով միջազգային մշտադիտարկման մեխանիզմի գործարկումը։
ՄԻՊ-ը հետեւողական է իր պահանջներում
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այս տարվա մայիսին հայտարարություն էր տարածել, որում բոլոր իրավասու մարմիններին առաջարկել է աջակցել անվտանգության գոտու ստեղծման հայեցակարգին:
Պաշտպանն ընդգծել էր, որ ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը Սեւ լճի տարածքում կոպտորեն ոտնահարում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակիչների իրավունքներն ու հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծման բացարձակ անհրաժեշտությունը:
«Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի եւ Գեղարքունիքի գյուղերի հարեւանությամբ, Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն»,- ընդգծել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Դեռեւս այս տարվա հունիսին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարեւանությունից եւ համայնքների միջեւ ճանապարհներից անհապաղ հեռացնելու եւ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ Կառավարությունը հրատապ միջպետական գանգատով պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
2021-ի սեպտեմբերին էլ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապառազմականացված գոտի ստեղծելու իր առաջարկը ներկայացվել է ԵՄ հատուկ զեկուցողին՝ փաստերի հիմնավորմամբ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այս հայեցակարգն ակտիվորեն տարածվել է միջազգային հանրությունում։
Անվտանգության ապառազմական գոտի ստեղծման անհրաժեշտությունը՝ միջազգային ատյաններում
Մասնավորապես Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետեւանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը, որտեղ այլ հարցերի թվում երկու երկրներին կոչ է արվել սկսելու բանակցություններ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ եւ ուսումնասիրելու ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային այցով Ֆրանսիա էր մեկնել դեկտեմբերի 6-ին։ Թաթոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՄԻՊ Կլեր Հենոնի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանական զինծառայողների կողմից հայ զինծառայողների եւ քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում` խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվության հարցին։
Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամներին ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումներն ու ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությունը։ Նա կոնկրետ օրինակներով ու փաստերով ցույց է տվել անվտանգության ապառազմական գոտի ստեղծելու հրատապությունը։
Միջազգային փորձից բխող առաջարկ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2021-ի դեկտեմբերի 9-ին Ստրասբուրգում հանդիպել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ ՄԻՊ-ը Բուրիչին էր ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին անվտանգության ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծման հրատապությունը։
ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի ԱԳՆ-ում հիմնավորել է ապառազմականացված (անվտանգության) գոտի ստեղծելու եւ ադրբեջանական զինծառայողների հեռացման հրատապությունը։ Զուգահեռ ներկայացրել է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:
Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ն միտումնավոր զրկանքներ է պատճառում մարդկանց: «Պետք է ճիշտ ախտորոշել խնդիր առաջացնող պատճառը, որպեսզի արդյունավետ պայքարենք խնդիրների դեմ: Ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր պահվածքով ամեն օր ոտնահարում են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող պարզ, սովորական մարդկանց իրավունքները։
Ուստի նրանք պետք է հեռանան մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ինչ կամ ում տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում»,- ընդգծել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը