Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի 2022-2023 թվականների Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կանխատեսումը։
Համաշխարհային բանկի համաշխարհային տնտեսական նոր հրապարակման համաձայն՝ 2021-ին Հայաստանի համար կանխատեսվել է 6,1%, 2022-ին` 4,8%, իսկ 2023-ին՝ 5,4% տնտեսական աճ։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում պետական ծախսերը 2022-ին կնվազեն, բայց ներդրումային միջավայրը կկայունանա, ինչը մասնավոր հատվածում կբարձրացնի ապրանքների եւ ծառայությունների պահանջարկը։
2021-ի հունիսին Համաշխարհային բանկը կանխատեսել էր 2021-ի տարեվերջի համար` 3,7%, 2022-ի համար` 4,3%, 2023-ի համար՝ 5,3% տնտեսական աճ։
Ըստ նույն ուսումնասիրության՝ Հարավային Կովկասում 2022-ին սպասվում է 3,9%, իսկ 2023-ին՝ 3,6% տնտեսական աճ:
Ադրբեջանում նույն ժամանակահատվածի համար Համաշխարհային բանկը տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում։
Համաշխարհային բանկի կանխատեսումների հիմքում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության թուլացման ու կորոնավիրուսային ռիսկերի նվազման ակնկալիքներն են։
Հարավային Կովկասի երկրներում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը Ադրբեջանում 5073 ԱՄՆ դոլար է, Վրաստանում` 4487 ԱՄՆ դոլար, Հայաստանում` 4012 ԱՄՆ դոլար։
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) որոշակի ժամանակահատվածում, որպես կանոն մեկ տարում, տվյալ երկրի տարածքում արտադրված վերջնական ապրանքների եւ ծառայությունների դրամական կամ շուկայական արժեքների հանրագումարն է: