Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ալմաթիում օպերատիվ շտաբի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի կազմակերպված դուրսբերումը կմեկնարկի հունվարի 13-ին։
Նա նշել է, որ բանակցություններ է ունեցել համապատասխան պետությունների ղեկավարների հետ։
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները վաղը արտահերթ նիստում տեսակոնֆերանսի ձեւաչափով կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացման ընթացքը։
Ղազախստանի նախագահը հունվարի 11-ին խորհրդարանում հայտարարել է ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ավարտի մասին։ Նա ընդգծել է, որ զորամիավորման փուլային դուրսբերումը կսկսվի երկու օրից եւ կտեւի ամենաշատը տասը օր։
Ղազախստանում անցած շաբաթ տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել մոտ 10 հազար մարդ։ Զոհերի թվի մասին պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։