ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ասուլիսում հայտնել է, որ գաղտնի ու կիսափակ տեղեկանքներ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ այլ համապատասխան մարմիններ։
«Դիրքերում կան խնդիրներ, դրանք արձանագրել ենք։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք բոլոր հարցերը, իրականացնում ենք մշտադիտարկման այցեր, նաեւ զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցեր։ Վերջերս Սյունիքի մարզ այցելություն էինք կատարել ու մեծածավալ տեղեկանքներ եմ ներկայացրել ՊՆ, ինչպես նաեւ համապատասխան այլ մարմիններ»,– նշել է Թաթոյանը։
Պաշտպանը շեշտել է, որ դիրքերում խնդիրները տարբեր են` կան քաղաքական, ռազմական հարցեր, իսկ տեղեկանքներն ուղարկվել են գաղտնիության սկզբունքով, ինչպես նաեւ կիսափակ։ Նա ընդգծել է, որ վերհանվել են ոչ միայն դիրքերի կահավորմանը, այլեւ զինվորների բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցեր։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաեւ, որ արտահերթ զեկույցներ է պատրաստում Ադրբեջանի հայատյացության եւ այլատյացության քաղաքականության, հայ զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ: Արման Թաթոյանը նշել է, որ պաշտոնական Բաքվի հայատյացության քաղաքականությունը շոշափում է բոլոր ոլորտները՝ սպորտից մինչեւ մշակույթ։
«Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո հպարտությամբ հայտարարում էր, որ մեծացել է մի սերունդ, որը ատելություն է տածում թշնամու` հայի նկատմամբ։ Այդ քաղաքականությունը վերջ չունի, որովհետեւ հենց դա է սնուցվում իշխանության կողմից, այն հնարավորություն է տալիս այդ երկրի ղեկավարությանը մնալու իշխանության ղեկին»,- ասաց Թաթոյանը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հայկական կողմն ունի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խախտումների եւ հանցագործությունների վերաբերյալ բոլոր ապացույցները: Հենց այդ փաստերն էլ ընկած են լինելու արտահերթ զեկույցի հիմքում։