«Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, ծառայության մեկնելուս դեռ կես տարի կար, բայց կամավորագրվեցի ու գնացի առաջնագիծ։ Առաջին օրերից էլ մեծ սիրո ու հարգանքի եմ արժանացել․ ե՛ւ տարիքով էի ամենափոքրը, ե՛ւ մարմնով։ Սեպտեմբերի 27-ին, երբ լսեցի պատերազմի սկսվելու մասին, վերապրեցի այն մղձավանջային, միաժամանակ հաղթական պահերը ու անմիջապես գնացի կամավորագրվելու։ Հոկտեմբերի 7-ին մեկնեցի Ջրականի շրջան (Ջաբրայիլ)»,- պատմում է կամավորական Գեւորգ Թեմուրյանը։
Տեղ հասել են մեծ դժվարությամբ. զորքն առանց հրամանատարի էր մնացել, վախի ու տագնապի մթնոլորտում։ Իրենց ջոկատից հրամանատարի են ընտրել ու ծանր գիշեր են անցկացրել։ Առավոտյան զորքի մեծ մասը որոշել է վերադառնալ Հայաստան, սակայն պարոն Գեւորգը ճանապարհվել է որդու մոտ՝ Մարտունու շրջան։ Ճանապարհի մի մասը մեքենայով է անցել, իսկ մնացածը՝ ոտքով եւ Մարտունի է հասել երեքուկես օրում։ Այդ ընթացքում Հադրութն արդեն հակառակորդի հսկողության տակ էր, չէին տարբերում յուրայինն ու թշնամին, երբեմն կարծել է՝ վերջը մոտ է: Գիշերը կորցրել է ճանապարհը, բայց, բարեբախտաբար, հայերի է հանդիպել։
Երբ հասել է Մարտունի, պարզվել է՝ տղաները մի դիրք էին թողել` երեք կողմից շրջափակված։ Արեւածագին մի քանի հոգով փորձել են մոտենալ, խրամատը կարգի բերել, ու սկսվել է արկերի տեղատարափը. այդտեղ էլ վիրավորվել է, նոյեմբերի 6-ին։ Ճանապարհի մի մասը պատգարակով են տեղափոխել: Երբ հոգնել են, ոտքով է շարունակել գնալ, որ մյուսները հանգստանային, եւ այդպես՝ չորս-հինգ կիլոմետր, մինչեւ հասել են շտապօգնության մեքենային։ Պարոն Գեւորգը գրեթե երկու լիտր արյուն է կորցրել, վիրավորվել է թոքի հատվածում։
«Մինչ հարվածը ինձ կհասներ, կողքիս մի զինվոր վիրավորվեց, հետո նույն տղայի ուղղությամբ մի արկ էլ ընկավ։ Մի քանի օր շարունակ երազներումս այդ պատկերն էր, չէի կարողանում քնել։ Հուսով եմ՝ ողջ է»,- պատմում է մեր զրուցակիցը։
Գեւորգ Թեմուրյանը կարծում է, որ մեր հիմնական խնդիրները եղել են անփորձությունը, անկազմակերպվածությունը, անտեղի վախն ու տագնապը։ Նա չի համարում, որ սա օդի կռիվ էր, կամ զենքի պակասն էր խնդիրը․ 90-ականներին էլ մենք մեկն ունեինք, հակառակորդը՝ տասը, բայց հաղթեցինք։
«Երբ կրակում էին, ես կարողանում էի հասկանալ արկի ուղղությունը, գիտեի երբ պառկել գետնին, երբ մնալ անշարժ, իսկ շատերը չէին տիրապետում այս ամենին, եւ երբ ցանկանում էի բացատրել, ինձ սխալ էին հասկանում, չէին ուզում լսել։ Մեկ այլ խնդիր էր անկազմակերպ վիճակը, օրինակ՝ կարգին զենքեր ունեինք, որ հասարակ հոսանքալարերի պատճառով չէինք կարողանում օգտագործել, ընդամենը հինգ րոպե էր հարկավոր դրանք փոխելու համար։ Անտերության էինք մատնված»,- հիշում է։
Պատերազմի ամբողջ ընթացքում մեր զրուցակիցը վախի զգացում չի ունեցել, սակայն ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա զավակը՝ Արմանն է կռիվ մղել, եւ տագնապը համակել է նրան ամեն անգամ, երբ որդու ուղղությամբ արկեր են արձակվել։ Առաջին օրերին որդու հետ նույն վայրում են եղել, այնուհետեւ նրանց խմբերի են բաժանել ու տեղափոխել տարբեր ուղղություններով։
Արմանը շարունակում է ծառայությունը, իսկ մեր զրուցակիցը դեռ ապաքինվում է պատերազմի՝ առողջությանը հասցրած հետեւանքներից։