Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն օրենսդրորեն կամրագրվի: ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկությունները:
ԿԳՄՍՆ-ն նշել է, որ առաջարկությունների նպատակը պետական խորհրդանիշի՝ ՀՀ դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների եւ երիտասարդների շրջանում հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:
Առաջարկվել է օրենքով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության, Հանրապետության եւ Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը:
Առաջարկվել է նաեւ նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման եւ իջեցման վերաբերյալ դրույթները, ինչպես նաեւ այդ դրույթների հիման վրա եւ դրանց համապատասխան պատասխանատվություն սահմանել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1990-ի օգոստոսի 24-ին:
2006-ի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր՝ «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը, եւ հունիսի 15-ը սահմանվեց ՀՀ դրոշի պետական օր: