ԽՍՀՄ փլուզումից հետո, Արեւելյան Եվրոպայի երկրներից խորհրդային շրջանի իրավաքաղաքական գնահատական տալու տեսանկյունից առաջամարտիկը կարելի է համարել Լեհաստանը: Այսպես, արդեն 1992-ին, երկրի Խորհրդարանը լյուստրացիայի մասին օրենք ընդունեց, որն ուղիղ կերպով արգելում էր 1944-90 թթ. կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների եւ գաղտնի ոստիկանության անդամների մասնակցությանը նոր կառավարության կազմում եւ պետական ծառայությունում:
Այսուհանդերձ, օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչվեց, խնդիրը կարգավորելու նպատակով հատուկ հանձնաժողով ձեւավորվեց, որը եւ լյուստրացիայի մասին նոր օրենքի նախագիծ առաջարկեց 4 տարի անց` 1996-ին: Նոր օրենքով խորհրդային շրջանում տեղի ունեցածի վերաբերյալ անելիքները պատվիրակվեցին Հանրային շահերի խոսնակի գրասենյակին:
1997-2007 ժամանակահատվածում պետական այս գերատեսչության հիմնական գործառույթներից է դառնում ԽՍՀՄ շրջանում տարբեր պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծությունը, հետաքննություն իրականացնելը, որոշ դեպքերում դրանց դատական կարգով ընթացք տալը: Այս առումով Լեհաստանը ադապտացնում է Հարավային Աֆրիկայի փորձը, որտեղ պետական մակարդակով ռասայական խտրականության (Ապարթեյդ) դեմ պայքարող Նելսոն Մանդելայի ու սեւամորթների տարած հաղթանակից հետո ձեւավորվեց Ճշմարտության եւ հաշտեցման հատուկ հանձնաժողովը, արդարության վերականգնմամբ զբաղվող հատուկ դատարաններ եւ այլն: Նշված 10-ամյակի ընթացքում Լեհաստանի լյուստրացիոն ընթացքը, որը տեղի էր ունենում ինքնախոստովանականների, կամ հետաքննության արդյունքում պարզված փաստերի վերաբերյալ հաշվետվությունների հրապարակմամբ կամ դատական լուծումներով, ավելի ուշ որակվեց որպես տարածաշրջանի առավել նորամուծական համակարգ:
Լյուստրացիայի միջոցով սեփական անցյալի հետ առերեսվելու եւ այս կերպ սեփական պատմության նոր շրջափուլ ազդարարելու լեհական ճանապարհի ինստիտուցիոնալ հաջորդ փուլը սկսվում է 2007-ին, երբ հավաքված նյութերի հիման վրա հետագա գործողությունների իրականացումը պատվիրակվում է կրկին օրենքի ուժով ձեւավորված պետական այլ հաստատության` Հիշողության ազգային ինստիտուտին: Գիտահետազոտական այս մարմինը, սակայն, զբաղվում է ոչ միայն ԽՍՀՄ շրջանում տեղի ունեցած հանցագործությունների, այլեւ թիրախավորում է 20-րդ դարի մեծ մասը` 1917-ից 1990 թվականները: Ինստիտուտի շրջանակներում գործող` Լեհ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների հանձնաժողովը զբաղվում է ինչպես կոմունիզմի, այնպես նաեւ նացիզմի շրջանում տեղի ունեցած նյութերի, փաստաթղթերի, բանավոր պատմությունների հավաքագրմամբ: 1998-ին ձեւավորված այս կառույցը լայն լիազորություններ ունեցող մարմին է, որի գործունեության շրջանակը հետազոտական, վերլուծական, կրթական ու խորհրդատվականից զատ ունի նաեւ իրավական եզրակացություններ տալու իրավասություն:
Հիշողության ազգային ինստիտուտի լիազորությունների շրջանակներում են. լյուստրացիայի հետ կապված փաստաթղթերի հավաքագրում եւ դրանց իսկությունը ապացուցող լրացուցիչ նյութերի հավաքագրում, նյութերի նախապատրաստում եւ հրապարակում, արխիվային նյութերի պահպանություն, համապատասխան գերատեսչությունների` լյուստրացիայի մասին օրենքի շրջանակներում անելիքների վերաբերյալ շարունակական մոնիտորինգ: Բովանդակային առումով, օրենքը 53 կատեգորիա էր սահամանել, որի կիրառությամբ մինչեւ 1972 թվականի օգոստոսի 2-ը ծնված Լեհաստանի բոլոր այն քաղաքացիները ովքեր կոնկրետ պաշտոններ էին զբաղեցրել, պետք է լյուստրացիայի ենթարկվեին, այդ թվում ոչ միայն կուսակցական բարձր էշելոնների ներկայացուցիչներ, այլեւ լրագրողներ, իրավաբաններ, գիտնականներ եւ այլն: Խնդիրը վերաբերում էր շուրջ 1 միլիոն մարդու, ովքեր ենթադրաբար այս կամ այն կերպ առնչվել, կամ ուղիղ համագործակցել էին գաղտնի ոստիկանության հետ:
Ինչպես նշվել էր սկզբում, նախնական օրենքը Լեհաստանի սահմանադրական դատարանի կողմից մայր օրենքին հակասող ճանաչվեց, ինչը հակասական իրավիճակ ստեղծեց Հիշողության ազգային ինստիտուտի կարգավիճակի ու գործառույթների տեսանկյունից: Այս կառույցը, իր լայն լիազորություններով, փաստացի մարդկանց հետագա ճակատագրերի վերաբերյալ որոշումներ կայացնող մարմին էր: Առանձին դեպքերի, լինեն դրանք պատերազմական հանցագործություններ, կամ պետական ահաբեկչություն որակվող գործունեություն, լյուստրացիայի ենթարկվելիք անձանց կամ խմբերի վերաբերյալ եզրակացությունները հաճախ փաստացի դատավճիռ էին նշանակում: Գործընթացի ընդդիմախոսները առաջ էին քաշում երկու հիմնական թեզ. մի կողմը պնդում էր, թե պետք է առկա նյութերը ամբողջապես հրապարակել ու հանրային դատին ներկայացնել, մյուս կողմը` պնդում էր, որ դրա արդյունքում կարող են տուժել անմեղ մարդիկ: Այս վերջին մտայնությունը առաջ եկավ հատկապես այն ժամանակ, երբ լյուստրացիայի ենթարկվող նախկին պաշտոնյաները սկսեցին խոսել այսպես կոչված կեղծ փաստաթղթերի մասին (фальшивка):
Տարբեր փաստաթղթերի իսկությունը ստուգելու հարցը լուրջ խնդիր դարձավ, երբ անվտանգության նախկին աշխատակիցները սկսեցին պատմել այն մասին, որ խորհրդային հատուկ ծառայությունները ընդդիմադիր կամ կառավարելիությունից դուրս գտնվող գործիչների դեմ կեղծ փաստաթղթեր են պատրաստել: Նշվում էր, որ նման կեղծ փաստաթղթեր պատրաստողները հաճախ անգամ գոյություն չունեցող մտացածին անուններ են օգտագործել, իսկ փաստաթղթերի տակ դրվել է առանձին անձանց ստորագրությունների այլ տեղերից քսերոքս արված տարբերակներ: Ի դեպ, լեհական լյուստրացիայի գործընթացում «фальшивка»-ների շուրջ քննարկումը չափազանց զգայուն թեմա է: Հաճախ զրպարտություն ու բամբասանք որակվող այս հարցը լրացուցիչ լարվածության առիթ է դարձել, քանի որ առնչվել է հենց ԽՍՀՄ-ից անկախանալու հեղափոխական շարժման ղեկավարներից շատերին, այդ թվում նաեւ լեհերի ազատագրական «Սոլիդարնոստ» շարժման ղեկավար Լեխ Վալենսային: Այս հարցը հատկապես վտանգավոր էր, քանի որ հանրային կասկածների լուրջ ալիք բարձրացրեց կոմունիստական ռեժիմի դեմ պայքարող հանրային դեմքերի շուրջ:
Խնդրի վերաբերյալ քննարկումների ալիքը որոշակիորեն մեղմվեցին այն բանից հետո, երբ հրապարակվեց 1985-ին Լեհաստանի ներքին գործերի նախարարությունում իրականացվող ծառայողական քննության վերաբերյալ մի փաստաթուղթ, որտեղ մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպես են կազմվել «фальшивка»-ները արտակարգ դրության պայմաններում: Այսուհանդերձ, նշված կեղծ փաստաթղթերի շուրջ նաեւ շահարկումներ կան մինչ օրս: Մասնավորապես ասվում է, թե այդպիսի գոյություն չունեցող փաստաթղթերը արդեն անկախ Լեհաստանում քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործվող գործիք է դարձել, այս կամ այն գործչին «սեւացնելու» նպատակով: Զուգահեռաբար, արխիվային նյութերի ամբողջական հրապարակելու վերաբերյալ, ինչպես օրինակ արվել է Չեխիայի պարագայում, մտավախություններ կան առ այն, որ դրանք կարող են բռնությունների պատճառ դառնալ, առանց փաստաթղթերի իսկությունը պարզելու ինքնադատաստանի առանձին դեպքերի դրսեւորումներով:
Ամբողջական կամ մասնակի լյուստրացիա իրականացրած երկրներում արխիվների հասանելությանը կանդրադառնանք առաջիկայում:
շարունակելի
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։