Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հիմնադիր եւ նախկին համանախագահ, ներկայում քաղբանտարկյալ Սելահաթթին Դեմիրթաշը Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի անվան ինստիտուտի սահմանած «Քաղաքական համարձակության» մրցանակ է ստացել։
Դեմիրթաշը մրցանակի առաջին հավակնորդն է․ ինստիտուտը մրցանակը սկսել է հանձնել այս տարվանից։
Փարիզում կազմակերպված հանձնման արարողությանը Դեմիրթաշի անունից մրցանակը ստացել է ԺԴԿ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Հիշյար Օզսոյը:
Արարողության ժամանակ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Յուբեր Վեդրինը հայտարարել է, որ մրցանակը խորհրդանշական աջակցություն է Դեմիրթաշի ու ԺԴԿ-ի պայքարին:
Դեմիրթաշը մրցանակաբաշխության կազմակերպիչներին ուղարկած նամակում նշել է, որ պարգեւն ընդունում է ոչ միայն իր, այլեւ այս պահին թուրքական բանտերում նստած իր բազմաթիվ կուսակից ընկերների անունից: