2021 թվականին Հայաստանում գրանցվել է վերջին 10 տարիների ամենաբարձր գնաճը՝ 7,2 տոկոս։ Ընդ որում՝ 2021-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճն ավելի բարձր է եղել՝ 7,7 տոկոս։
Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման համաձայն՝ ամենաշատը թանկացել է սննդամթերքը՝ 11 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքները թանկացել են 8,7 տոկոսով։ 2020-ի դեկտեմբերի համեմատ գրեթե 20 տոկոսով թանկացել է շաքարավազը, 9,1 տոկոսով՝ հացը, 13,4 տոկոսով՝ բրինձը, 13,4 տոկոսով՝ պանիրը, բուսական յուղերը՝ 11,8 տոկոսով։
Բանջարեղենի շուկայում արձանագրվել է շատ ավելի բարձր՝ 40 տոկոս գնաճ, կարտոֆիլն անգամ 76 տոկոսով է թանկացել։ Ձուն թանկացել է 12,7, իսկ մսամթերքը՝ 7.5 տոկոսով։ Ծխախոտը թանկացել է 9,3, հագուստը՝ 8,1, առողջապահությունը՝ 5,4, տրանսպորտը՝ 9,1 տոկոսով եւ այդպես շարունակ։
Եվ վերջապես 2021 թվականի դեկտեմբերին 2020-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի ու դիզելային վառելիքի համապատասխանաբար 43.3 եւ 50.4 տոկոս գնաճ:
Ճիշտ է, անցած տարի գնումներ կատարելիս մենք այս տոկոսները չէինք հաշվում, բայց միանշանակ զգում էինք, որ մեր դրամապանակի պարունակությունը շատ արագ էր սպառվում, եւ անհրաժեշտ մթերքը, հագուստը եւ այլ ապրանք տուն տանելու համար ավելի շատ գումար էր ծախսվում։ Կամ պարզապես փողը չէր բավարարում, ու ձեռք էինք բերում միայն խիստ անհրաժեշտ ապրանքը։
Իհարկե, թանկացումներ ամեն տարի են լինում, հազվադեպ բացառություններով (կարող է, տասը-քսան տարի չլինի կամ գնանկում լինի, ինչպես եղավ 2016-ին՝ -1,6 տոկոս), բայց այսքան բարձր գնաճ ոչ միշտ է լինում։ Այդ առումով անցած տարվա գնաճը ռեկորդային էր. 2012-ից ի վեր Հայաստանում նման թանկացում չէր եղել։ Այդ տարիների ամենաբարձր գնաճը եղել է 2013 թվականին՝ 5,8 տոկոս, իսկ դրանից առաջ՝ 2011-ին՝ 7,7 տոկոս։
Եվ չկա որեւէ հեռանկար կամ նախադրյալ, որ լայն սպառման այս ապրանքները կամ դրանցից որոշ ապրանքներ այս տարի մի քիչ կէժանանան։ Ավելին՝ այս տարի էլ 20 դրամով թանկացավ ջուրը՝ 100 խմ-ի դիմաց 180-ից դառնալով 200 դրամ, փետրվարից էլ միջինը 4.7 դրամով հոսանքը կթանկանա։ Գների այս փոփոխությունները սոցիալական ծանր վիճակ են խոստանում, հատկապես որ զուգահեռաբար եւ համարժեք չեն բարձրանում կենսաթոշակները, նպաստներն ու աշխատավարձերը։
Իշխանությունները, պետական կառույցները կարո՞ղ էին ինչ-որ բան անել, որ գնաճն այդքան բարձր չլիներ, կամ գոնե սոցիալապես խոցելի խավը դա շատ չզգար։ Տնտեսագետ, նախկին պատգամավոր (ԲՀԿ) Վարդան Բոստանջյանն ասում է՝ գնաճը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ։ «Մենք գործ ունենք արհեստավարժության բացակայության հետ, որոշում կայացնողները չեն կարող արդյունավետ քայլեր ձեռնարկել։ Տնտեսական քաղաքականությունը նշանակում է նոր աշխատատեղեր, տնտեսության արդիական ուղղություններ, ներդրումային քաղաքականություն, ներդրումային գործունեություն, ինովացիոն մոտեցումներ։ Եթե կառավարությունը սրանք ու բազմաթիվ այլ բաներ չի անում, նշանակում է աշխատատեղերի բացակայություն, եկամուտների ցածր մակարդակ, բնականաբար արդեն իսկ եղած ապրանքների գների բարձրացում»,- ասում է Բոստանջյանը։
Նա նաեւ հիշեցնում է, որ անցած տարեվերջին, օրինակ, Ռուսաստանը գնաճի համաշխարհային միտումների պատճառով ինդեքսավորում արեց՝ ցածր եկամուտներ ունեցողների եկամուտները գնաճի չափով բարձրացրեց, որ նրանք շատ չտուժեն։ Հայաստանում շատ քիչ բարձրացվեց միայն նվազագույն կենսաթոշակ ստացողների թոշակն ու նպաստը։ Բայց ոչ այն չափով, որ փոխհատուցվի ցածր եկամուտ ունեցողների կրած վնասը։
Գնաճի վերահսկումը կամ գների կայունության պահպանումը Կենտրոնական բանկի գործառույթն է, եւ անցած տարի այդ նպատակով այդ գերատեսչությունը աստիճանաբար թանկացրեց փողը՝ 4,50 տոկոսից հասցնելով 7,75 տոկոսի։ Այսինքն՝ ԿԲ-ն ֆինանսական կառույցներին, հիմնականում բանկերին փողը սկսեց տալ 7,75 տոկոսով։ Բանկերն էլ իրենց հերթին ավելի բարձրացրին վարկավորման տոկոսադրույքները։ Եվ երբ բանկերում փողը՝ վարկը, թանկանում է, մարդկանց, տնտեսվարողների կողմից դրանց նկատմամբ պահանջարկը նվազում է։ Իսկ երբ քիչ վարկեր են տրվում կամ վերցվում, տնտեսության մեջ, շուկայում փողի շրջանառությունը նվազում է։ Դա նաեւ նշանակում է՝ ապրանքների, ծառայությունների նկատմամբ գնման պահանջարկն է նվազում, ու այդպիսով դրանց է՛լ ավելի թանկանալու հնարավորությունն է զսպվում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, սակայն, կարծում է, որ ԿԲ-ի այդ քաղաքականությունը հակառակ ազդեցություն ունեցավ։
«ԿԲ-ն փողը թանկացրեց՝ մտածելով, որ դրանով գնաճը կզսպի, բայց իրականում դրանով տնտեսական ակտիվությունը սահմանափակեց։ Երբ փողը թանկանում է, բիզնեսը՝ նույն գյուղոլորտը, դադարում է ակտիվություն դրսեւորելուց։ Մինչդեռ ԿԲ-ն իր քաղաքականությունը պետք է ներդաշնակեցնի հարկաբյուջետային, տնտեսական քաղաքականության հետ. օրինակ՝ ավելի մատչելի դարձնի վարկային միջոցները»,- ասում է Պարսյանը։
Տնտեսագետն ասում է՝ ԿԲ-ն տարիներ շարունակ խրախուսել է, որ բանկերն իրենց միջոցները ոչ թե տնտեսության մեջ դնեն, այլ պարտատոմս գնեն։ Եվ բանկերն էլ իրենց ակտիվների մոտ 40 տոկոսով ձեռք են բերում պետական պարտատոմսեր ու պետությունից բարձր տոկոսավճար են ստանում։ «Այսինքն՝ ոչ թե դնում են տնտեսության մեջ, որ բիզնեսն աշխուժանա, որ աշխատատեղ ստեղծվի, այլ պետությանը պարտքով փող են տալիս։ Իսկ դա ԿԲ-ն խրախուսում է։ Չի խրախուսում, որ բանկերի փողը տնտեսության իրական հատված գնա, խրախուսում է, որ պարտատոմս գնեն ու պետությունից տոկոս ստանան»,- ասում է նա։
Պարսյանը համաձայն է, որ անցած տարի թանկացումներ եղան ողջ աշխարհում, բայց նա հավելում է, որ Հայաստանում ինչ-որ երեւույթներ նպաստեցին, որ էլ ավելի մեծ գնաճ լինի։ «Պետք է ուշադրություն դարձնենք այն ապրանքների վրա, որոնք տեղում են արտադրվում. 9 ամիսների ընթացքում ձվի արտադրությունը կրճատվել է 7,7 տոկոսով, հացահատիկի արտադրությունը՝ մոտ 38 տոկոսով։ Հավի մսի, կարտոֆիլի արտադրությունը նույնպես կրճատվել է։ Սա արդեն տնտեսական քաղաքականություն է։ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է բացատրի, թե ինչպես է ստացվել, որ ավելի քան 40 մլրդ դրամ են ծախսել գյուղոլորտի սուբսիդավորման վրա, բայց մենք գյուղում անկում ունենք։ Այսինքն՝ մերոնք այդ համաշխարհային գնաճի վրա իրենցն են ավելացրել»։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։