Շուրջ քսան րոպե տնից տուն շրջելով` կենդանի շունչ ենք փնտրում, երկու տասնյակի հասնող տուն կա գյուղում, դռները կողպված են, մեծ մասը՝ լքված: Մի քանիսի դիմաց միայն խնամքով դասավորված ցախ ենք տեսնում, գուցե բախտ վիճակվի որեւէ մեկին հանդիպելու: Քար լռությունը միայն շների, կատուների ձայներն են խախտում:
Որոշում ենք հետ դառնալ, երբ հեռվում տեսնում ենք բնակիչներից մեկին:
«Դժվար անուն ունեմ, չես հիշի, Գամառնիկ է անունս, բայց ինձ կարճ՝ Գամո են ասում,- ասում է պապն ու զարմացած հարցնում,- ո՞ր քամիներն են ձեզ այս կորած գյուղ բերել, հազարից մեկ մի մարդ գա, թե չէ»:
Սյունիքի մարզի ամենափոքր գյուղերից Քաշունին արդեն 12 տարի է՝ դատարկ տներով է դիմավորում ձմեռը, միայն Գամառնիկ պապն է իր կնոջ՝ Մարուսյայի հետ Ամանորն այստեղ անցկացնում, գյուղից ոչ մի ձմեռ չեն հեռացել, թոռներն ու զավակները Սիսիանից, Կապանից պարբերաբար հյուր են գալիս:
«Գորիսում մի գրող ունենք, մեր մասին գիրք է գրել, որ Քաշունիում այդքան տարի երկու հոգով են մնացել ձմեռը: Ամառ, ձմեռ՝ չեմ վախենում, զենք էլ չունեմ: Եթե մեքենա է գալիս, դուրս եմ գալիս, կանչում՝ ո՞վ ես , ինչի՞ ես եկել, ինչացո՞ւ ես, «բարի ճանապարհ» եմ ասում, գնում է»:
Գարնանն ու ամռանը գյուղը համեմատաբար ակտիվանում է, 4-5 տանտերեր վերադառնում են իրենց տնամերձները մշակելու, ոմանք էլ մեղվափեթակներն են բերում այստեղ: «Մեծահասակ կանայք են, զավակները բերում են, բաղերում գործ են անում, բերքը հավաքում, ձմռանը գնում են, որը՝ Կապան, որը՝ Սիսիան, որն էլ՝ Երեւան: Մենակ մենք ենք մնում, ես ու տիկինս՝ Մարուսյան,- պատմում է Գամո պապն ու հագնում գոմ գնալու հագուստը:- Երկու կով եմ պահում, մի էշ, վեց հատ էլ հավ, ինձ ու Մարուսին բավականացնում է: Մենք մեր գլուխը պահում ենք՝ մեր կենսաթոշակով, չարչարանքով , մեր բաղերից ստացած բերքով. կարտոֆիլ, կաղամբ, գազար, վարունգ ենք աճեցնում»:
Խոտ բերելու հարցում Գամառնիկ պապին հիմա Քաշունիի նորանշանակ համայնքի ղեկավարն է օգնում, հարեւան գյուղի տեխնիկայից են օգտվում, գյուղում տեխնիկա ունենալը երազանք է:
Տիկինը՝ Մարուսյա Սիմոնյանը, գյուղում մնալու իր պատճառաբանությունն ունի՝ «Երեխաներս ստիպում են մեզ տեղափոխվել քաղաք, բայց ինչպե՞ս: Ո՞ւմ թողնենք մեր գերեզմանները, ո՞ւմ թողնենք մեր եկեղեցին, խաչքարը»:
Գյուղից հարավ՝ բարձր լեռան վրա է Մարուսյա տատի մատնանշած խաչքարը: Ասում են՝ խաչքարը յուրօրինակ սահմանանշան է եղել Կապանի շրջանի Տորթնի (Անտառաշատ) գյուղի տարածքի հետ:
Գյուղում վերջին երկու տասնամյակում կառուցված ամենանոր շինությունը Սուրբ Սարգիս եկեղեցին է, 2002 թվականին քաշունցի եղբայրներ են կառուցել իրենց պապական տան տեղում:
Դատարկվող Քաշունին
Գորիսից 19 կմ հարավ-արեւմուտք՝ Որոտան գետի աջ կողմում է գտնվում Քաշունին։ Տաթեւ-Կապան ճանապարհի աջ կողմում՝ ճանապարհի 12 կմ-ից 2 կմ դեպի արեւմուտք:
Սասուն Սիմոնյանը երկու տարի է, ինչ ղեկավարում է համայնքը, Կովսականից է տեղահանվել, Ալաշկերտ գյուղում թողել է տունն ու տեղը, տեղափոխվել ծնողների գյուղ: Կյանքը նորից սկսած ղեկավարը գյուղի ապագան միայն վերաբնակեցման ծրագրով է տեսնում։ Հարցին՝ արդյոք ջրի խնդիր ունեցող, դպրոցից, բուժկետից, խանութից զուրկ գյուղում կհամաձայնի որեւէ ընտանիք ապրել, Սիմոնյանը պատասխանում է. «Այդ ուղղությամբ ենք աշխատում, կարեւոր հարց ենք լուծել, մայրուղուց մինչեւ գյուղ տանող ճանապարհը կառուցել ենք, գոնե մի քիչ շարժ կա: Հիմա ոռոգման ջրի հարցն ենք լուծում, պետք է ամեն ինչ անենք գյուղի խնդիրները լուծելու համար, հակառակ դեպքում Քաշունին կմնա պատմության էջերում, փորձում ենք թույլ չտալ էդ աղետը: Եթե հնարավորություններ ստեղծվեն, հույս ունենք՝ նախկին բնակիչներից էլ կվերադառնան»:
Գյուղը սկսել է դատարկվել դեռեւս 20 տարի առաջ, պատճառներն անհաշվելի են: «Գյուղապատկան 300 հա հողերի ոչ մի սանտիմետրն այսօր չի մշակվում, բահով ու քլունգով հող չես մշակի, գյուղում տեխնիկա չկա, վարելահողերը վերածվել են արոտավայրերի, ոռոգման ջուրն այստեղ միշտ խնդիր է եղել: Ամռանը, երբ 20 հոգի գալիս են, ջրի խնդիր է առաջանում, գյուղի մեջ մի բարակ ջուր է հոսում, ոռոգման ջուրը բնակիչներն են խողովակներով քաշում»,- ասում է վարչական ղեկավարը:
Նախկինում ՝ Մալդաշ
Գյուղը նախկինում Մալդաշ է կոչվել, 1992 թվականին է վերանվանվել: Նախնիների մեծ մասը 1920-ականներին այստեղ է տեղափոխվել Տանձատափ գյուղից: Մալդաշ-Քաշունին հնում եղել է Տանձատափի ամառանոցը, որտեղ բոլոր ընտանիքները տներ (խրճիթներ) են ունեցել: Գարունը բացվելու հետ նրանք իրենց անասունները տեղափոխել են այնտեղ եւ մինչեւ ուշ աշուն մնացել: Խորհրդային տարիներին Մալդաշը մաս է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ 1995 թվականից Սյունիքի մարզի մեջ է մտնում, իսկ 2015-ից Տաթեւ խոշորացված համայնքի մաս է:
«Առաջ ամեն մի ընտանիքում ամենապակասը 4-5 շունչ կար, ժամանակին շատ երեխաներ էին ունենում. ներկա դրությամբ մենք ենք, մեկ էլ ներքեւի տունը՝ գյուղապետի լիազորի ընտանիքը, որ ընդամենը երկու տարի է՝ այստեղ է ապրում: 1990 թվից մինչեւ 2005 թիվը ես գյուղսովետի քարտուղար էի աշխատում: Նախկինում համայնք չկար, ամեն գյուղ իր խորհուրդն ուներ: 2005 թվին ես էլ անցա թոշակի»,- պատմում է Գամառնիկ Հովհաննիսյանը:
«Երբ մարդու երես եմ ուզում տեսնել, գնում եմ քաղաք»
Մինչեւ թոշակի անցնելը Քաջարանում, Կապանում է ապրել ու աշխատել Գամառնիկ պապը, շուրջ 20 տարի վարորդ է եղել: «Էս անախորժությունները եղան, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ կռիվ ընկավ, թողեցի եկա այստեղ՝ գյուղսովետի քարտուղար. այն ժամանակ մի 15 ընտանիք էր ապրում: Երբ մարդու երես եմ ուզում տեսնեմ, գնում եմ քաղաք՝ բարեկամներիս տեսնելու: Մեծ թոռներս՝ ամեն մեկն իր համար աշխատում է, 6 թոռ ունեմ, Վոլգոգրադում, Երեւանում, Կապանում են աշխատանք գտել»:
Դեղորայքի ու պարենի հարցն էլ են լուծել: Տարեց ամուսինների համար անհրաժեշտ դեղորայքը թոռներն են Կապանից հասցնում կամ գյուղի վարչական ղեկավարը՝ Սասուն Սիմոնյանը: 80-ամյա առույգ ու եռանդուն պապը ցախը դիմացի անտառներից է բերում, թերեւս սա է ամենամեծ դժվարությունը համարում: «Մի ամիս առաջ էլ եկել էին, էլի ձեր նման ժուռնալիստ, տեսավ, որ կացնով եմ կոտրում ցախը, մի «դրուժբա» խոստացավ, բերեց, բայց չի աշխատում, խոստացավ փոխել»:
Աշխարհից կտրված գյուղից Գամառնիկ պապը, միեւնույնն է, չի ուզում հեռանալ: «Որքան բնությունը կյանք պարգեւի, կմնանք Քաշունիում, ուրիշ ո՞ւր գնանք, ո՞ւմ թողնենք մեր սրբությունները»,- ասում է պապն ու ցույց տալիս Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակին կանգնեցված արձանը: 26 զոհ է տվել փոքրաթիվ այս գյուղը:
«Մենք ենք տեղադրել հուշարձանը, 70-ականներին, շինանյութը ես եմ Քաջարանից բերել, 60 ռուբլի գումար հավաքեցինք գյուղացիներով, Երեւանում սարքեցին»:
Երիտասարդ տարիներն է հիշում Գամո պապն ու ցույց տալիս խարխուլ մի կառույց. «Սա էլ իմ դպրոցն է եղել, շատ հին կառույց է, այստեղ մինչեւ չորրորդ դասարան եմ սովորել, հետո հարեւան գյուղ էինք գնում դպրոց: Համեմատած նոր դպրոց կար, դա էլ փակվեց, երեխա չկա դպրոցում, ո՞ւմ համար բացեն: Առանց դպրոցի ո՞ր ջահելը կգա: Երեսուն տարուց ավելի է՝ գյուղը դպրոց չունի, վերջին աշակերտների անուններն էլ ոչ մեկն արդեն չի հիշում»:
Պատմում է, որ ժամանակին աշխույժ էր գյուղը, «երիտասարդներով դահուկները վերցնում էին, դիմացի սարի գագաթից իջնում»: Երկար տարիներ գյուղի ակումբում ինքնագործ թատերական խումբ էր գործում, գյուղի երիտասարդներն էին ստեղծել: Շաբաթ չկար, որ մի միջոցառում չկազմակերպեին: Տարիների փոշու մեջ կորած ակումբի շենքի դուռը թերեւս միայն ընտրությունների օրն է բացվում: Վերջին անգամ 10 հոգով համայնքի ավագանի են ընտրել:
«Հիմա երեւի ամենաճակատագրական պահն է, սրանից դենը անդունդն է,- ասում է Մարուսյա տատը:- Կա՛մ Քաշունի-Մալդաշ գյուղի անունը ծերերս մեզ հետ գերեզման կտանենք, կա՛մ էլ, ո՞վ գիտի, մի բան գուցե փոխվի»:
լուսանկարները՝ Արթուր Մանուչարյանի
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։