Ավստրալիական Neoskosmos-ը հայտնել է, որ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի եւ Մելբուրն քաղաքի հունական եւ կիպրական համայնքների նախագահները Ավստրալիայի պոնտական ասոցիացիաների դաշնության նախագահների աջակցությամբ ուղերձ են հղել երկրի վարչապետին՝ կառավարությանը հորդորելով պաշտոնապես ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունները։
Սա երկրորդ նման կոչն է՝ 2021-ի նոյեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված միջնորդությունից հետո, որով կոչ էր արվում կառավարությանը պաշտոնապես ճանաչելու այս ցեղասպանությունները։
Համայնքների նախագահները նամակում պնդել են, որ 2021-ի դրությամբ աշխարհի 31 երկիր ճանաչել է այդ ցեղասպանությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, Շվեդիան, Նիդերլանդները, Ավստրիան, Դանիան եւ Վատիկանը՝ կոչ անելով Ավստրալիային նույնպես ճանաչելու 20-րդ դարի ոճրագործությունը:
Հայերի, ասորիների, հույների եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության՝ տարբեր երկրների կողմից ճանաչումը վկայակոչելով՝ ուղերձի հեղինակները նշել են, որ ժամանակն է՝ Ավստրալիայի կառավարությունը նույնպես պաշտոնապես ճանաչի այս ցեղասպանությունը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պաշտոնական Անկարան հետեւողականորեն հրաժարվել է անցյալի սխալները ընդունելուց՝ համայնքների նախագահները համարում են, որ իր անցյալի հետ առերեսվելն ու պաշտոնապես ներողություն խնդրելը բխում է հենց Թուրքիայի շահերից:
Ուղերձը փոխանցվել է նաեւ Ավստրալիայի արտգործնախարար Մարիզ Փեյնին եւ երկրի բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց: