Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Թուրքիան կհրաժարվի Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններ անելուց եւ չի «փորձի պղտոր ջրում ձուկ որսալ»:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդական Իսհան Շեները հայտարարել էր, թե Ղազախստան զորք ուղարկելով՝ Ռուսաստանը ձգտում է այն անջատելու թյուրքական աշխարհից:
Մարիա Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան հույս ունի՝ թուրք պաշտոնյաները արտահայտվելուց առաջ կզսպեն իրենց այդօրինակ չմտածված հայտարարությունները: Նա հավելել է, որ պետություն ներկայացնող մարդկանց վայել չէ նման արտահայտություններ անելը, քանի որ դրանք որեւէ կերպ չեն նպաստում Ղազախստանում մթնոլորտի առողջացմանը:
«Ղազախստանի խորհրդային անցյալի մասին անհարգալից արձագանքը հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն։ Դա կոռեկտ չէ նաեւ ղազախ գործընկերների նկատմամբ, որոնք շատ հոգատար վերաբերմունք ունեն մեր ընդհանուր պատմական ժառանգության հանդեպ»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։