ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելիս անհրաժեշտ է համարել հատուկ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ տարածքում անվտանգային իրադրության բարելավմանը: Նա նշել է, որ պետք է նպաստել տարածաշրջանային ու ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման փնտրտուքներին: Ռաուն հավելել է, որ ժամանակն է ուշադրության կենտրոնում պահելու մարդասիրական նկատառումները:
«Ամեն ձգձգված հակամարտության հետեւում կան մարդիկ, որոնք ամենաշատն են տառապում»,- ասել է Զբիգնեւ Ռաուն՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ում իրենց նախագահության ընթացքում առաջնահերթ է լինելու հակամարտությունից տուժած տարածքներում հասարակություններին, մասնավորապես հատուկ ուշադրության կարիք պահանջող խոցելի խմբերին աջակցության ցուցաբերումը:
Զբիգնեւ Ռաուն շոշափել է նաեւ ԵԱՀԿ տարածքում փոխընկալման բարելավման ու լարվածության թուլացման անհրաժեշտության թեման:
«Կենտրոնանալու ենք նաեւ անվերջ վատթարացող մթնոլորտում երկխոսության որակի բարելավման վրա»,- շեշտել է ԵԱՀԿ գործող նախագահը: