Հայաստանի հյուսիսի ամենահյուսիսը՝ Աշոցքը, հայտնի է երկարատեւ ու ձնառատ ձմեռներով։ Եթե տարվա կեսից ավելին տեւող ձմեռը գլխացավանք է տեղի բնակիչների համար, ձմեռային հանգստի սիրահարների համար այս եղանակն Աշոցքում իսկական դրախտ է։
Գլոբալ տաքացման հետեւանքով անցյալում են մնացել այն ժամանակները, երբ Գյումրիում, ինչպես որ հիմա Աշոցքում, ձյունն այնքան կայուն ու բարձր շերտով էր ծածկում քաղաքը, որ կարելի էր ամիսներ շարունակ վայելել ձմեռային խաղերի բերկրանքը։
Տիգրան Պետրոսյանը հիշում է մանկության Գյումրին, Մսի կոմբինատ թաղամասը, երբ թաղի տղաների հետ դահուկներով ու սահնակներով հաղթահարում էին տարածքի ձյունաբլուրները։ «Ձմեռային խաղերի, դահուկավազքի նկատմամբ սերը վաղուց է եղել Գյումրիում։ Ձմեռային գրավչությունները վայելել ենք թե՛ ընկերական, թե՛ ընտանեկան միջավայրում»,- պատանեկան բերկրալից պահերն է հիշում Տիգրան Պետրոսյանը։
Որպես մանկության շարունակություն՝ մեկ տասնամյակ առաջ Տիգրանն իր հետաքրքրությունները կիսող ընկերների հետ որոշեց կյանք տալ ձմեռային խաղերին՝ սիրողականից տեղափոխելով պրոֆեսիոնալ հարթակ։ Որոշեց ու անմիջապես արեց առաջին գործնական քայլը՝ Հայաստան բերեց առաջին կայտը, որն իր եւ ընկերների համար դարձավ նոր աշխարհի՝ կայտինգի բացահայտման սկիզբը։ Շիրակի մարզում սկիզբ դրվեց կայտբորդինգի ձմեռային մեկ այլ տարատեսակի՝ սնոուկայտինգի զարգացմանը, երբ մարդը կայտի միջոցով քամու ուժն օգտագործում է դահուկներով սահելու համար։
2012 թվականին Տիգրանը հիմնեց «Կայտբորդինգի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւ արդեն պաշտոնապես սկսեց զարգացնել ձմեռային խաղաձեւը։ Մարզում ձեւավորվեց նոր մշակույթ ձմեռվա հանդեպ, երբ ձմեռվանից բողոքելու փոխարեն հնարավորություն ունես բացահայտելու հայրենի լեռներն ու ձորերը, վարել առողջ ապրելակերպ։
«Շիրակի մարզի զարգացման նոր ուղենիշներ բացահայտեցինք։ Առաջին հայացքից կլիմայական ու աշխարհագրական անբարենպաստ պայմանները, պարզվեց, ոչ միայն անբարենպաստ չեն, այլեւ ճիշտ հակառակը, դա մարզի այցեքարտն է,- ասում է Տիգրան Պետրոսյանը,- Շիրակի հյուսիսը որպես զբոսաշրջային, արկածային զբոսաշրջության պոտենցիալ կենտրոն համախմբելու եւ ներկայացնելու նպատակով 2021 թվականին հիմնադրեցինք «Հյուսիս» արկածային ակումբը։ Թիմն իր առաջ նպատակ էր դրել հավաքելու եւ մատուցելու ծառայությունների շարք, որոնք Շիրակի հյուսիսը կվերածեն արկածասեր զբոսաշրջիկների հանդիպման կենտրոնի»։
Կար գաղափար, կար կայացած կազմակերպություն, մնում էր ունենալ կայուն գործընկեր, ով կհամագործակցեր ու կֆինանսավորեր «Հյուսիս» արկածային ակումբի նախաձեռնությունը։
Ճիշտ ժամանակին ու տեղին Եվրոպական միությունը դրամաշնորհային մրցույթ հայտարարեց, որից սիրով օգտվեց «Հյուսիս»-ը։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը 2021 թվականի սկզբին դրամաշնորհների մրցույթ հայտարարեց՝ նպատակ ունենալով աջակցելու Հայաստանի երեք հյուսիսային մարզերի տարածաշրջանային եւ տնտեսական զարգացմանը՝ ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն տրամադրելով ձեռնարկություններին, նորաստեղծ ստարտափներին եւ կայացած բիզնեսներին։
Ծրագրի շնորհիվ դրամաշնորհ ստացած կազմակերպությունները կկարողանային իրականացնել զբոսաշրջության ոլորտի առաջադեմ պրոդուկտների կամ ծառայությունների ստեղծման գործուն քայլեր։
ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի փորձագետ Արմինե Իսրայելյանն ասում է, որ Աշոցքի բնակլիմայական բարենպաստ պայմանները հնարավորություն են տալիս լիարժեք զարգացնելու արդյունավետ եւ որակյալ զբոսաշրջային ծառայություններ։ Այդ առումով «Հյուսիս» ակումբը լիովին համապատասխանում էր ծրագրի պահանջներին, ուստի ակումբը մեկ տարվա ընթացքում կստանա մոտ 30000 եվրոյի աջակցություն։
Ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը (BMZ), իրականացնում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։
Ներդրված գումարով ակումբը ձեռք է բերել որակյալ, հանրապետությունում եզակի մարզական եւ այլ գույք։
Ակումբի հիմնադիր Տիգրան Պետրոսյանն ասում է, որ մի քանի օրից Գյումրիում կունենան գրասենյակ, որտեղ տեղացի եւ արտասահմանցի տուրիստները կգան, կքննարկեն ու անպայման կգտնեն իրենց հետաքրքրող ակտիվ, ինչպես նաեւ պասիվ հանգստի տարբերակները բնության գրկում։
Նա վստահ է՝ ԵՄ-ի հետ մեկ տարվա համագործակցության արդյունքում հնարավորություն կունենան շարունակաբար զարգացնելու խաղաձեւերը, որոնք կդառնան մարզի այցեքարտը։
«Առաջարկները բազմազան են՝ ուղղաթիռով ձյունածածկ լեռան գագաթին իջնելուց մինչեւ մի քանի ժամ փափուկ բազմոցի վրա արեւածագն ու մայրամուտը վայելելը,- ասում է Տիգրանն ու, իր կատարած ուսումնասիրություններով պայմանավորված, վստահեցնում, որ Եվրոպայում միտում կա լուռ տուրիզմի, մարդիկ հոգնել են բազմամարդ միջավայրից, ուզում են օրգանիկ հանգիստ ունենալ, մոտ գտնվել վայրի բնությանը։ Մարդիկ շրջում են, նոր աշխարհներ են բացահայտում, իսկ մեր պայմանները ոչնչով չեն զիջում ճանաչված վայրերին։ Աշոցքի, Ամասիայի, Արփիի ձմեռը շատ նման է Նորվեգիայի ձմռանը, ուղղակի պետք է կարողանանք ներկայացնել մեր ունեցածը»։
Մինչեւ 2022 թվականի ավարտը արկածային ակումբի նախաձեռնող խումբը նախատեսում է առաջարկել ոլորտում առկա 25-30 ծառայություններ։ Ակումբը շուկա է մտնում Հայաստանում նոր, դեռեւս նախադեպը չունեցող առաջարկով․ բոլոր մասնակիցները, անկախ նախընտրած խաղաձեւից, հնարավորություն կունենան խաղի մեջ մտնելու ապահովագրված։
Մինչ պաշտոնապես կմեկնարկի արկածային ակումբի գործունեությունը, կազմակերպիչներն ու նրանց հայ եւ արտասահմանցի ընկերները փորձարկում ու վայելում են առաջարկվող խաղաձեւերրը՝ սառած լճի վրա գիշերային զբոսանքից մինչեւ սառցաջրի լոգանքը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։