2021-ին Ռուսաստանի դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը։ Նա նշել է, որ Մոսկվան կողմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շուտափույթ սահմանազատմանը։
«Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին եւ խնդրի կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է։ Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով ստեղծել դրա համար»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկվան իր ծառայություններն է առաջարկում որպես խորհրդատու, քանի որ ՌԴ Գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք արտացոլում են ԽՍՀՄ կազմավորման տարբեր փուլերը եւ դրանում վարչական սահմանների եւ միութենական հանրապետությունների միջեւ սահմանների փոփոխությունները:
«Հենց երեկ հայ գործընկերոջս հետ խոսել եմ այդ թեմայով։ Կա կողմերի համապատասխան առաջարկը։ Հանձնաժողով ստեղծելու համար նախ պետք է պայմանավորվել, թե ինչ պայմաններով է դա արվելու։ Այդ պայմաններն այժմ քննարկվում են»,- նշել է Լավրովը։
Ըստ Լավրովի՝ կան որոշակի տարաձայնություններ։ Մոսկվայի դիրքորոշումն է նստել բանակցությունների սեղանի շուրջը եւ ստեղծված պաշտոնական հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր հարցերը, որոնք մնում են չհամաձայնեցված:
Աջակցություն ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում
Մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի խնդիրն է աջակցել Երեւանի եւ Անկարայի միջեւ ուղիղ երկխոսության հաստատմանը։ Նա նշել է, որ Թուրքիան ու Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, եւ Ռուսաստանն օգնել է հասնելու այդ պայմանավորվածությանը։
«Շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում»,- շեշտել է Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ձգտում է օգնելու ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում։
Լավրովը հույս է հայտնել, որ այդ երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։