Ոչ ոք երբեք չի ասել․ «Ղարաբաղը բեռ է, հանձնենք, որ լավ ապրենք»։ Բայց քառասունչորսօյա պատերազմից հետո ստեփանակերտցի ամենամանրապճեղն էլ մանտրայի նման հարցադրում է անում․ «Հիմա լա՞վ եք ապրում»։
Ո՞ւմ է հարցնում։ Հազարավոր զոհերի մայրերի՞ն։ Ես հասկացա, որ մենք աղետի մեջ ենք, երբ անցյալ տարի արցախցի բանաստեղծուհին Ֆեյսբուքում հայաստանաբնակներին ցանկացավ այն սեւ օրը, որ ինքն է ապրել՝ առնելով ծննդավայր գյուղի անկման լուրը։ Ի՞նչ։ Եթե իր գյուղը թշնամու ոտքի կոխան է, Հայաստա՞նն էլ պիտի թուրքից գրավվի։ Դա նրա ցավին բալասա՞ն է լինելու։ Զարհուրելի է։
Ոչ ոք չի ասել՝ «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք», բայց քսան տարի Ստեփանակերտում ներդրվել է «Եթե Հայաստանում հայաստանցի նախագահ լինի, Ղարաբաղը ծախելու է» միտքը։ Սա ստույգ է, ինչպես որ շատ առարկայական էր պաշտոնական եւ ոչ պաշտոնական ստեփանակերտցիների հրճվանքը 2008-ի մարտի 1-ին։ Ինչպես բացահայտ է, որ հոկտեմբերի 27-ը Ստեփանակերտում ներկայացվել եւ ներկայացվում է դեռ որպես․․․ «ՀՀՇ-ի եւ անձամբ Վանո Սիրադեղյանի ձեռքի գործ»։
Regnum-ը Արամ անունով մեկի տպավորությունն է փոխանցել։ Մարդն, իբր, պատերազմից հետո առաջին անգամ բեռուբարձով Արցախ է եկել, մի քանի օր պտտվել եւ հիմա պատմում է, որ արցախցիների գերակշիռ մեծամասնության իղձը «Ռուսաստանին միանալն է»։ Ոչ ոք «այլեւս Հայաստանին չի հավատում, որովհետեւ երեսուն տարում ոչինչ չի եղել»։
Պատկերացնել, որ Մոսկվա մեգապոլիսում Regnum-ի հոգսն Արցախից վերադարձած մի Արամից հարցազրույց վերցնելն է, նույնը կլինի, եթե մտածենք, որ Ռուսաստանի նախագահի աշխատանքային օրը սկսվում է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի զեկույցը համակ ուշադրությամբ կարդալուց եւ ավարտվում հետագա անելիքների մասին նրան տրվող հանձնարարականներով։ Սա զուտ գավառամտությո՞ւն է։ Ամենեւին։
Եվ, այնուամենայնիվ, Regnum-ն իր «դոպինգը» տալիս է։ Ինչո՞ւ հատկապես հիմա։ Որովհետեւ, ըստ երեւույթին, Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ ուղարկելու որոշման հանդեպ Իլհամ Ալիեւի օձային-լուռ, բայց հենց դրանով՝ կատարյալ թշնամական արձագանքը Մոսկվայում շատերին անակնկալի է բերել։ Չէին սպասում։ Չէին հաշվարկել։ Չէի՞ն։ Իսկ ինչի՞ էին սպասում։
Ադրբեջանցի վտարանդի լրագրողը Ղազախստան ՀԱՊԿ զորախմբի մուտքը զուգահեռել է Բաքվի «սեւ հունվարի» հետ։ Դա ընդհանուր-համաթուրքական ընկալում է։ Ադրբեջանում մինչ օրս ապրող-թարմացվող, նոր սերունդներին ներշնչվող վարկած է, որ Բաքու մտած խորհրդային զորքերի շարքերում գործել է Հյուսիսային Կովկասի հայերից հատուկ զորակոչվածների առանձին ստորաբաժանում, որ գործել է «առանձնակի դաժանությամբ»։ Ալմաթիի հացի գործարանը կամ կենտրոնական շուկան հսկող հայկական վաշտի նկատմամբ եթե ղազախների վերաբերմունքը նույնը չէ, ապա հաստատ նույնացվելու է։
Թուրքիայի, Ադրբեջանի ջանքերով։ Բաքվի օրինաչափորեն պարզ հակառուսականությունը երեւակվել է, այլ կերպ չէր լինելու։ Ի վերջո, դա այն Բաքուն է, որտեղ 1806-ի մի օր ռուսական բանակի գեներալ Ցիցիանով է գլխատվել։ Եվ այն վայրը, որտեղ հողին է հանձնվել նրա հոշոտված մարմինը, նույնիսկ խորհրդային դարաշրջանում անեծքի եւ պղծումների է արժանացել միայն։
Մեր ի՞նչ գործն է, որ խցկվում ենք այդ ատելության եւ պարտադրված «եղբայրության»՝ ռուս-թուրքական հարաբերությունների արանքը։ Մեր պաշտոնյան ինչո՞ւ է դառնությամբ մորմոքում, որ «եթե Արցախը չլինի, ռուս եղբայրները հաջորդ ճակատամարտը տալու են Կուլիկովյան դաշտում»։ Ռուսները դա չգիտե՞ն։ Ռուսաստանում, երեւի, գտնվելու են անհատներ, խմբեր, քաղաքական ուժեր, որ իրենց նախագահին ցուրտ հարցադրելու են․ «Սա՞ էր թուրքական աշխարհի հետ ձեր սիներգիայի արդյունքը»։
Պուտինն անհարմար, գրեթե անելանելի վիճակում է։ Մի ամբողջ դարաշրջան նա քաղաքականություն է կառուցել թուրքական (քաղտեխնոլոգները նրբանկատորեն ձեւակերպել են՝ «եվրասիական») աշխարհի հետ համագործակցությամբ Արեւմուտքի հետ դիմակայությամբ վերստին իմպերիա կառուցելու հաշվարկի վրա։ Եվ հիմա պարզվում է, որ, ախր, այդ «թուրքական աշխարհն» այնքան էլ դաշնակից չէ, եթե մեղմ ասենք։
Իրականում, կարծես, դա Արեւմուտքի նախագիծ է, մի սպառնալիք, որ կարելի է օգտագործել թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի դեմ։ Նայած կոնյունկտուրային։ Ի՞նչ կանի Ռուսաստանը՝ Մոսկվայի խնդիրն է։ Մեզ պետք է մի բան հուզի՝ ի՞նչ չի անի։ Իսկ որ Ռուսաստանը երբեք Արցախն իրենը չի դարձնի, կասկածել պետք չէ։ Քանի որ դրան կհետեւի ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցությունը, եւ Դաղստանը կվերածվի Արեւմուտք-Ռուսաստան ֆիզիկական շփման տարածքի։ Regnum-ի Արամն ո՞վ է։ Պատգամախո՞ս։
Մեկ-երկու ամիս առաջ Մոդեստ Կոլերովը, որ Ռուսաստանի պետական խորհրդական է, այդ գործակալության գլխավոր խմբագիրը, տեղեկացրել էր, թե «Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության» կենտրոն է ստեղծում, իսկ ոչ անհայտ Արամ Գաբրիելյանովն էլ՝ ավետել, որ սկսում է «Լեռնային Ղարաբաղում ապրող հայրենակիցների քաղաքական տրամադրությունները բացահայտելու ծրագիր»։
Պատահակա՞ն է, որ արցախահայության «գերակշիռ մեծամասնության ցանկությունը» Regnum-ով հրապարակայնացնողի անունն Արամ է։ Քսան տարի թեւածած՝ «եթե Հայաստանում հայաստանցի նախագահ լինի, ապա Ղարաբաղը ծախելու է» մանտրան ամենեւին էլ ստեփանակերտյան ծագման չէր։
Քսան տարի այն Հայաստանը մեկուսացրել է քաղաքակրթությունից, ջարդել հայկականությունը, սպանել Ոգին։ Դառնադառը պտուղները քաղեցինք քառասունչորսօրյա պատերազմով, որն, ի դեպ, նույն Ստեփանակերտում գրեթե մեկուկես տասնամյակ մոդելավորվում էր, որ «մի թեթեւ կռիվ կլինի, հողերի մի մասը կտան, որ ռուսները գան» քարոզչությամբ։
Քսան տարի «ստեփանակերտյան» մանտրան խեղդել է Հայաստանը։ Եվ հենց դա է մեծագույն ողբերգությունը, ոչ թե Աղդամի կորուստը։ Այլեւս ակնհայտ է, որ մանտրայի հեղինակներն ամենեւին էլ գավառամիտ չէին։ Ի՞նչ կամ ո՞վ էին՝ կպարզի ապագայի անաչառ ուսումնասիրողը։ Այս պահին գերխնդիր է՝ թույլ չտալ, որ նրանք Արցախի անունից, իմ անունից եւ իմ զավակների ու թոռների անունից դառնան Հայաստանի անկախության, քաղաքակրթական Հայաստանի գերեզմանափորը։
Նրանց հայրենիքն, այո՛, հավաքական աղդամն է։ Եվ թող դառնան այնտեղ, որտեղից պտղվել են որպես հայկականության լուսեղեն կերպարի հակոտնյա, մեր երեքհազարամյա էության ներսում՝ չարորակ նորագոյացություն։
-Ոտքի՜, Հայաստան․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։