Հայաստանում վարորդների խնդիրներից մեկը կրթական ցածր մակարդակն է` երթեւեկության կանոններին լավ չտիրապետելը․ այսպեն են կարծում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը եւ իրավաբան Էդգար Նալբանդյանը։
Վարորդների խնդիրների հարցը, սակայն, երկկողմանի է։ Կարեւոր է, թե ինչ է անում պետությունը վարորդների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, ու թե ինչ են անում հենց իրենք՝ վարորդները։ Էդգար Նալբանդյանն ասում է՝ պետության բացթողումներից է, օրինակ, անհրաժեշտ տեղերում երթեւեկության նշանների բացակայությունը։ Ըստ Տիգրան Քեյանի՝ երթեւեկության մասնակիցներ են նաեւ հետիոտները, հեծանվորդները, ու նրանք եւս պետք է հետեւեն սահմանված կանոններին՝ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։
Եթե կանոններին լավ չտիրապետելու կամ այլ պատճառներով վարորդները բազմիցս խախտումներ են անում, ապա շատ են նաեւ դեպքերը, երբ նրանց իսկ իրավունքներն են խախտվում, օրինակ՝ անհիմն տուգանքների են ենթարկվում։ Այսպիսի դեպքերում նրանք կարող են դիմել վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպիսին է «Վարորդի ընկեր»-ը, կամ իրավաբանների։
«Մեր կազմակերպությունը ստեղծվեց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում տեղադրում էին տեսանկարահանող սարքեր ու ստեղծում էին վճարովի կայանատեղիներ։ Մենք փորձում էինք պաշտպանել վարորդների շահերը՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրներ։ Մեր գործունեությունը հիմնականում ուղղված էր ոչ իրավաչափ վարչական իրավախախտումների արձանագրմանը։ Աստիճանաբար փորձել ենք անդրադառնալ բոլոր խնդիրներին, որոնք նկատել են վարորդները, քաղաքացիները ու նաեւ մենք»,- ասում է Տիգրան Քեյանը։
Հասարակական կազմակերպությունը քաղաքացիներին օգնում է անվճար, խորհուրդ է տալիս, թե ինչ անել, ինչպես բողոքարկել, անհրաժեշտության դեպքում տրամադրում է փաստաբանների տվյալներ, որոնք զբաղվում են այս ոլորտի հարցերով։
«Ընդհանուր առմամբ, վարորդների իրավունքների խախտումը կապված է վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ։ Փաստաբանները դիտարկում են վարչական որոշումները եւ իրավախախտում ի հայտ բերելու դեպքում դրանք բողոքարկում են նախ արտադատական ճանապարհով, այսինքն՝ անմիջապես վերադասության կարգով դիմելով վարչական մարմին (երբ դիմում են տվյալ վարչական մարմնի ղեկավար մարմնին)։ Եթե մերժվում են, կարող են անցնել հաջորդ՝ դատական փուլին»,- ասում է Էդգար Նալբանդյանը։
Օրենսդրական այսպիսի կարգավորման նպատակն այն է, որ դատական համակարգը շատ չծանրաբեռնվի։ Էդգարի գործունեության ընթացքում եղել են թե՛ այնպիսի դեպքեր, երբ վերադասության կարգով բողոքարկել են ու դրական արդյունքի հասել, եւ թե՛ այնպիսի դեպքեր, երբ վերադասության կարգով դիմելով մերժվել են, դիմել են դատական կարգով, ու վարչական որոշումն անվավեր է ճանաչվել։ Սա կարող է լինել, օրինակ, այն պարագայում, երբ վարչական մարմինը վարորդի դեմ բավարար ապացույցներ չի կարողանում ներկայացնել (խախտման ապացուցման բեռը վարչական մարմինն է կրում)։
2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ վարորդները ճանապարհային ոստիկանության որոշումները դատարան բողոքարկելու համար պետք է 4000 դրամ պետական տուրք վճարեն։ Առաջին ատյանի դատարանում հաջողության չհասնելով՝ 10000 դրամ պետք է վճարեն Վերաքննիչ դատարանում, 20000 էլ՝ Վճռաբեկում։ Մինչ այդ, ըստ «Պետական տուրքի մասին» օրենքի, «Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները» սահմանող 22-րդ հոդվածի համապատասական դրույթի, վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդունված որոշման դեմ գանգատներով ոչ առեւտրային կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարող էին դիմել վարչական դատարան՝ առանց որեւէ վճարի։
Տիգրան Քեյանի կարծիքով սա իրավաչափ որոշում չէ։ «Ստացվում է, որ, օրինակ, 5000 դրամ տուգանքը (սա ամենահաճախ հանդիպող տուգանքի չափերից է) բողոքարկելու համար վարորդը մոտավորապես այդքան էլ պետք է պետտուրք վճարի։ Բնական է, որ շատերն էլ չեն բողոքարկում։ Սրանով պայմանավորված՝ վերջին երկու տարում մեր հայտերի թիվը բավականին նվազել է։ Ուղղակի այնպես են անում, որ մարդիկ չբողոքարկեն»,- ասում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավարը։
Կազմակերպությունը փորձել է պայքարել որոշման դեմ, սակայն հաջողության չի հասել։ Էդգար Նալբանդյանն ասում է՝ վարորդի տեսանկյունից սա բացասական է, բայց սրանով փորձել են նաեւ դատարանների ծանրաբեռնվածության հարցը լուծել։
Այսպիսով՝ անհրաժեշտ է, որ վարորդները լավ տիրապետեն ճանապարհային երթևեկության կանոններին ու խախտումներ չանեն։ Իսկ եթե իրենց իրավունքներն են ոտնահարվում, ապա կարող են դիմել համապատասխան հասարակական կազմակերպությունների, փաստաբանական գրասենյակների՝ բողոքարկելու եւ իրենց իրավունքները պաշտպանելու համար։