Ըստ «Deutsche Welle»-ի՝ Գերմանիան եւ Ֆրանսիան Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդի նոր փորձ են ձեռնարկում: Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը եւ Ֆրանսիայի նրա գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ: Այցի հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն նշվում է, որ հնարավոր է իրականացնել ոչ ուշ, քան փետրվարին:
«Տիկին Բերբոկը սկզբում կուղեւորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետեւ կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,- հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Գերմանիայի արտգործնախարարը հունվարի 17-ին կայցելի Կիեւ, կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
Կանադայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին այս շաբաթ վեցօրա այց կկատարի Ուկրաինա: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այցի նպատակն է վերահաստատել Կանադայի հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ:
Կանադան աշխատելու է իր միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին եւ պաշտպանելու ուկրաինացիների արժանապատվությունն ու մարդու իրավունքները:
«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսին, ղեկավարները՝ հունիսին
Ըստ գերմանական DPA գործակալության՝ «Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարվա մայիսի 12-14-ը Գերմանիայում, որն այս տարի նախագահում է G7-ում։
Գործակալության տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա Բալթիկ ծովի ափի Վանգելս կոմունայում, իսկ բանակցությունները կանցկացվեն Վայսենհաուս ամրոցում:
«Մեծ յոթնյակի» պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-28-ը Էլմաու դղյակում, որտեղ 2015-ին Գերմանիան ընդունել էր G7 գագաթնաժողովը: