«Միշտ ուզել եմ Արցախում ծառայել, որովհետեւ մեծ եղբայրներս, հայրս էլ են այնտեղ ծառայել. ուզածս եղավ, բայց պատերազմին մասնակցելը շատ է տարբերվում ուղղակի ծառայությունից»,- ասում է Արցախյան երրորդ պատերազմի մասնակից Միքայել Մխոյանը:
Տասնիննամյա տղան Լոռու մարզի Սարչապետ գյուղից է: Մինչեւ բանակ զորակոչվելը սովորում էր Վանաձորի պետական համալսարանի «Կառավարում» բաժնում: Հետո ուսումը ընդհատվեց. զորացրվելուց հետո շարունակելու է սովորել:
Միքայելը ծառայության անցել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, բայց մասնակցել է մարտերի նաեւ Ջաբրայիլում, Հադրութում ու Ֆիզուլիում:
«Պատերազմի ժամանակ հպարտություն էինք զգում՝ տեսնելով, թե ոնց էին տասնութ տարեկան տղերքը կռվում, ոնց էին յոթանասուն տարեկան վատառողջ մարդիկ մեր կողքին կանգնում, թե որքան համախմբված էր մեր ազգը»,- հիշում է Միքայելը:
Ասում է՝ մինչեւ ռազմի դաշտ մեկնելը լրիվ այլ պատկերացում է ունեցել պատերազմի մասին: Միշտ հետաքրքրվել է մեր հերոսներով, մասնավորապես Մոնթե Մելքոնյանով, Ապրիլյան պատերազմի պատմություններով, հիացել տղաների մարտական ոգով: Այժմ, երբ ինքն էլ է մասնակցել մարտերի, ասում է, որ պատերազմն իրականում ավելի դաժան է, քան պատկերացնում էր:
Ծանր է, երբ տեսնում ես, թե ինչպես են ընկերներդ կողքիդ ընկնում: «Պատերազմի ավարտից երկու օր առաջ՝ գիշերը, մեզ 100-150 հոգանոց դիվերսիոն խումբ էր մոտենում: Ամբողջ գիշեր փոխհրաձգություններ եղան: Նրանց խմբի կեսը սպանվեց, կեսն էլ թաքնվել էր դիմացի բլրի տակ՝ չմտածելով, որ մենք գիտենք դրա մասին: Ցերեկը մեր տանկը դուրս եկավ բլրի հետեւից ու կրակեց նրանց ուղղությամբ: Մենք կրակում էինք, իրենք՝ փախչում: Մի մասն ընկավ, ոմանք էլ փախան,- պատմում է Միքայելը,- իսկ արդեն նոյեմբերի 9-ին՝ իմ ու ընկերոջս հերթափոխի ժամանակ, կապվեցին մեզ հետ ու ասացին, որ գործողությունները դադարեցնենք: Ճիշտն ասած՝ շատ անսպասելի էր. մեզ արդեն թվում էր, թե էս պատերազմը տարիներ է տեւելու: Էդ պահին մի կողմից ուրախ էինք, որ ողջ ենք, ու էլի շատ կյանքեր փրկվելու են, մյուս կողմից էլ ցավում էինք, որ շատ ընկերներ էինք կորցրել, որ շատերը, որոնց հետ արդեն եղբայրացել էինք, էլ չկային»:
Թիկունքից սահման ուղարկվող նամակներից Միքայելին էլ է հասել: Անձրեւի տակ գրպանում մնալուց թուղթը վնասվել է, բայց, ինչպես Միքայելն է ասում, իր համար կարեւոր ու շատ ոգեւորիչ է եղել, նույնիսկ ավելի, քան ուղարկված քաղցրավենիքը:
Պատերազմը Միքայելին ստիպել է նաեւ վերարժեւորել կյանքը ու գնահատել նույնիսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսին փափուկ անկողինն է, ավելի շատ սիրել հարազատներին ու ընկերներին, հատկապես երբ կռվել ես նրանց կողքին:
«Մինչեւ պատերազմը կյանքը մեզ համար շատ հեշտ էր, իսկ պատերազմի ընթացքում ամեն ինչ այլ էր: Հիմա էլ, երբ հետադարձ հայացք եմ նետում ու հիշում, թե ինչերի միջով ենք անցել, կյանքին սկսում եմ ուրիշ աչքերով նայել»,- եզրափակում է զրուցակիցս:
Այժմ Միքայելը արձակուրդ է եկել ու զինվորական հոսպիտալում է. անբարենպաստ պայմաններից որոշակի առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Ապաքինվելուց հետո վերադառնալու է՝ ծառայությունը Մարտունիում շարունակելու: