Ըստ Le Figaro պարբերականի՝ ավելի քան 560 հազար ֆրանսիացի ՔՈՎԻԴ-19-ի դեմ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը չստանալու դեպքում կարող է զրկվել իր պատվաստման հավաստագրից։
Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափի ընդունման վերջնաժամկետը 7 ամիս է։ Սակայն խթանիչ պատվաստումը հնարավոր է երկրում կիրառվող Pfizer, Moderna, AstraZeneca պատվաստանյութերով ամբողջական պատվաստումից երեք ամիս անց:
Առողջապահության գլխավոր տնօրենության տվյալներով՝ ներկայում 15,3 միլիոն մարդ արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը, խթանիչի ներարկման վերջնաժամկետը լրանում է մոտ 15,9 միլիոն պատվաստման հավաստագիր ունեցողների համար, ովքեր պարտավոր էին այն ստանալ:
Ֆրանսիայի խորհրդարանում առաջին ընթերցմամբ անցած նոր օրենքով՝ շաբաթվա սկզբին երկրում թեստավորման անցաթուղթը կփոխարինվի պատվաստման հավաստագրով։
Ցանկացած մարդաշատ միջոցառման մասնակից եւ հասարակական միջտարածաշրջանային տրանսպորտից օգտվող անձ պարտադիր պետք է ներկայացնի պատվաստման հավաստագիր: