Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 միավոր ավտոմեքենայի եւ մոտ 2 հազար մարդու անվտանգ տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղություններով:
Զինծառայողներն իրադրության մշտադիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են ապահվում բոլոր 27 դիտակետերում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի ամբողջ երկայնքով եւ Լաչինի միջանցքում:
Արցախի փրկարարները ստացել են 690 ահազանգ
Ըստ Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության՝ 2021-ի հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 690 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 8 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ոչ ոք չի տուժել:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 4, սոցիալ-կենցաղային բնույթի 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 3 կանչերի: