Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից դուրս կբերվի մինչեւ հունվարի 19-ը։
«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ամբողջ անձնակազմը դուրս կբերվեն Ղազախստանի տարածքից եւ կտեղափոխվեն իրենց մշտական տեղակայման վայրեր»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Զասը հավելել է, որ խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաքգլուխների», գուցեեւ տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր։ Խաղաղապահների գործոնը, կազմակերպության գլխավոր քարտուղարի կարծիքով, նպաստել է այս իրավիճակի շրջադարձին ու կայունացմանը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահն այն համոզմունքն էր հայտնել, որ խաղաղապահների տեղակայումը խախտել է անկարգությունների կազմակերպիչների ծրագրերը։ Նա հավելել էր, որ ՀԱՊԿ-ը ամրապնդման կարիք ունի, քանի որ առաջիկայում ՀԱՊԿ անդամ երկրներին լուրջ մարտահրավերներ են սպասում:
«Մեր խաղաղապահների գործողությունները համապատասխանում էին կազմակերպության իրավական փաստաթղթերին, իրավական դաշտին, ուստի նրանց գործողությունների օրինականությունը, նաեւ Ղազախստանի նախագահի դիմումի օրինականությունը կասկածից վեր են»,- շեշտել է ՀԱՊԿ քարտուղարը։
Դեռ հունվարի 10-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել էր, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունն ավարտվել է, եւ հավելել էր, որ խաղաղապահ ուժերի դուրսբերումը կտեւի ոչ ավելի, քան տասը օր:
Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինն իր հերթին նշել էր, որ ՀԱՊԿ առաքելությունը բացառապես խաղաղապահ բնույթի է եւ նախատեսված է կարճ ժամանակահատվածի համար։