Ըստ ավստրիական Heute պարբերականի՝ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ 2021–ի դեկտեմբերի 27-ից կորոնավիրուսին առնչվող սահմանափակումների շրջանակում երկրի կառավարությունը որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել 18 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։ Կանցլերը նշել է, որ պատվաստումը չի կիրառվի 14 տարեկանից, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ՝ 2021–ի նոյեմբերին. այն կվերաբերի միայն չափահաս անձանց:
Ըստ կանցլեր Նեհամերի՝ առանց հակացուցման մասին բժշկական տեղեկանքի պատվաստումից հրաժարվելու համար տուգանքները կսահմանվեն մարտի կեսից ոչ շուտ։ Ավստրիայի առողջապահության նախարար Վոլֆգանգ Մյուկշտեյնն էլ հայտարարել է, որ պարտադիր պատվաստումը բարդ, բայց անհրաժեշտ որոշում է:
Հանրային սննդի կետերի աշխատանքային ժամերը կրճատվել են։ Քաղաքացիները պարտավոր են դնել FFP2 տեսակի դիմակներ։
Չինացիների 85%-ն ամբողջությամբ պատվաստվել է
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգին հայտարարել է, որ Չինաստանում ավելի քան 1,22 միլիարդ մարդ ամբողջությամբ պատվաստվել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ:
«Ներկայումս Չինաստանում կիրառվել է ՔՈՎԻԴ -19-ի դեմ պատվաստանյութի 2 միլիարդ 928 միլիոն 981 հազար չափաբաժին, իսկ ամբողջական պատվաստումներն ավարտած մարդկանց թիվը կազմում է 1միլիարդ 220 միլիոն 584 հազար»,- հայտնել է Մի Ֆենգը։
Ըստ վերջին մարդահամարի՝ ՉԺՀ-ի բնակչությանն թիվը ավելի քան 1 միլիարդ 411 միլիոն է: Այսպիսով՝ մինչ օրս երկրի բնակիչների ավելի քան 85%-ն ավարտել է պատվաստումների գործընթացը։
Չինաստանի իշխանությունները նախկինում հաստատել են զանգվածային օգտագործման չորս պատվաստանյութեր, այդ թվում՝ երեք չակտիվացված պատվաստանյութեր, որոնք մշակել են Beijing Kexing Zhongwei Biotechnology-ը (Sinovac-ի մաս), Ուհանի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը (Sinopharm կառույց) եւ China National Biotech Group-ը (Sinopharm-ի մաս):
Հաստատվել է նաեւ CanSino Biologics-ի Ad5-nCoV ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված ՔՈՎԻԴ-19-ի դեմ միակ ռեկոմբինանտ պատվաստանյութը Չինաստանում։ Չինաստանում պատվաստումն անվճար է եւ կամավոր։