Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է հունվարի 11-ին Երեւանի, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ եռակողմ բանակցությունների արդյունքում համաձայնեցված տրանսպորտային միջանցքների եւ երկաթուղու քարտեզը:
Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը Ադրբեջանի համար ճանապարհ է բացելու դեպի Նախիջեւան եւ Թուրքիա, Ռուսաստանի համար՝ Թուրքիա եւ Հայաստան, իսկ Հայաստանի համար՝ Ռուսաստան եւ Իրան։
ՀՀ-ից ՌԴ ճանապարհն ընթանալու է Երեւան-Նախիջեւան-Սյունիք-Հորադիզ-Բաքու-Դաղստան երթուղով։
Քարտեզում սեւ կետագծերով նշված են երկաթուղային ճանապարհները, կանաչով՝ Հայաստանը Ռուսաստանին եւ Իրանին կապող տրանսպորտային միջանցքը, նարնջագույնով՝ Ադրբեջանը Թուրքիային կապող տրանսպորտային միջանցքը, կապույտով՝ նախատեսված երկաթուղու կառուցման հատվածը։
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Հայաստանի երկաթուղին փաստացի ուներ մեկ ճյուղ՝ Երեւան-Թբիլիսի, իսկ ՌԴ-ից Հայաստան ապրանքները փոխադրվում են միայն Լարսով։