Հայ-թուրքական երկխոսությունը երկար կձգվի: Բայց հարաբերությունների որոշ բարելավումներ կարելի է սպասել արդեն այս տարի: Նկատի ունեմ՝ բարելավման կոնկրետ գործողություններ:
Թուրքիան մի երկիր է, որն ինքն է ստեղծում մարտահրավերները իր եւ ուրիշների համար, նման բիոլոգիական այն լաբորատորիաներին, որոնք ստեղծում են մահացու վիրուսը եւ հակավիրուսը միասին: Եվ այդ լաբորատորիաները գիտեն, թե երբ սկսեն պայքարը մահացու վիրուսի դեմ:
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում Հայաստանի հետ երկարաժամկետ հարաբերությունը: Դա մի հարաբերություն է, որտեղ շատ կարեւոր է հակաթրքության բացառումը, ու այստեղ նույնպես Թուրքիան գիտի իր անելիքը՝ փոքր ազգերը հեշտ են պահպանում համախմբումը թշնամի ունենալիս: Հենց սա է այսօր Ադրբեջանին դարձնում ազգ:
Թուրքիան փոքր քայլերով փորձելու է վերացնել հակաթրքականությունը Հայաստանում, բայց որը դժվարություն կունենա մեզանում հակաադրբեջանականությունը վերացնելու գործում: Այստեղ նա վարչապետ Փաշինյանին հիշեցնելու բան ունի՝ ի՞նչ եղավ ձեր «ծովից ծով խաղաղության» պլանների հետ, այսինքն՝ ինչո՞վ Ադրբեջանը արժանի չէ ավելի բարեկամական վերաբերմունքի:
Ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ զրկել Թուրքիային բոլոր այն թեմաներից, որոնք հարաբերությունները պահում են լարված: Այդպիսի թեմաներից են Ադրբեջանի հետ խնդիրները, անցյալ դարի սկզբին երկու երկրների միջեւ ուղղակի կամ անուղղակի կնքված պայմանագրերը (Ալեքսանդրապոլ, Կարս, Մոսկվա), որոնցով Հայաստանը Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացնում, բանակցությունների ինչ-որ փուլում կքննարկվեն նաեւ ցեղասպանությունը Թուրքիայի համար պակաս ցավոտ դարձնելու մեխանիզմները, որոնք այդ երկրին կօգնեն ընդունելու այդ ոճրի պատասխանատվությունը:
Երբ վարչապետ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի համար պետք է խաղաղության դարաշրջան բացել, նկատի ունի զրո խնդիրներ հարեւանների հետ: Բայց դա այլ բան էլ է ենթադրում՝ տեսնել այն խնդիրները, որոնք իրար հետ կունենան հարեւանները ու Հայաստանին հեռու կպահեն դրանից:
Ես չգիտեմ, հնարավո՞ր է մանեւրի այդպիսի մի աշխատող կոմբինացիա, որը ապագայի մարտահրավերներն արդեն այսօր է չեզոքացնում: Գուցե հնարավոր է, բայց ինքն իրենով Հայաստանը մանեւրի աս չէ, նրան երկրորդ «պիլոտ» է հարկավոր: Այսինքն՝ գործընկեր, որը հենակետի դեր կկատարի: Թուրքիան պետք է զգա այդ հենակետի շունչը հետընթացի մասին չմտածելու համար: Ինքը պիտի իմանա, որ հարաբերությունների չկարգավորվածությամբ Հայաստանը ավելի խոցելի չի դառնում:
Ո՞րն է այդ երկիրը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Ամերիկան: Հայաստանն իր ընտրությունը կատարել է Ռուսաստանի օգտին: Այսինքն՝ Ռուսաստանն այն երկիրն է, որը ձեռքից բռնած մեզ պիտի ուղեկցի ծովից ծով խաղաղության դարաշրջան: Մի օր, իհարկե, գալիս է ժամանակը, երբ այդ դարաշրջանում քայլում են ինքնուրույն, եթե ինքդ չես որոշում նոր դարաշրջան բացել զրոյից:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: