«Գնում եմ, որ գամ։ Ժպիտով, միշտ ժպիտով»։ Զինկոմիսարիատից ստացած ծանուցագրի լուսանկարն ուղեկցող այս գրառմամբ մոտ մեկ տարի առաջ Ֆեյսբուքում հրապարակել էր Ռուդիկ Ղարիբյանը։
2021-ի փետրվարի 14-ին Ալավերդու տարածաշրջանի նորակոչիկներին հարազատներն ու քաղաքային իշխանություններն ավանդույթի համաձայն բանակ ճանապարհեցին քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց մոմավառությամբ ու միասնական աղոթքով։ Նրանց մեջ նաեւ Ռուդիկն էր՝ ժպիտը դեմքին։
Ծառայության մեկ տարին չբոլորած՝ նրան կրկին ճանապարհեցին նույն վայրից։ Այս անգամ միայն նկարից էր ժպտում…
Երկու օր քաղաքացիների հոսքը դեպի եկեղեցի չէր դադարում։ Մարդիկ ապշած էին, տարակուսած․ պատերազմից հետո նոր զոհերի չէին սպասում։ Ռուդիկը հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայում զոհված երեք զինծառայողներից մեկն էր։
Ռուդիկը հերոս էր մինչեւ զոհվելը, որովհետեւ ամեն ինչ շատ լավ էր անում եւ օրինակ էր բոլորի համար։ Բոլորը գիտեին, որ նրա համար հայրենիքը գերագույն արժեք է, որին պետք էր ծառայել գիտելիքով, լավ կրթությամբ եւ կարգապահ քաղաքացի լինելով։ Իսկ նա այդպիսին էր դեռ դպրոցական նստարանից։ Ստեղծագործում էր, հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրում, որպես կամավոր աշխատում բազմաթիվ նախաձեռնություններում։ Լոռու «Սմարթ» կենտրոնի առաջին շրջանավարտն էր՝ առաջին սմարթ քաղաքացին, եւ հասցրել էր բանակ գնալուց առաջ Վանաձորի պետական համալսարան ընդունվել։
«Հիշեք՝ Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժը կրթելուն եւ կրթվելուն ուղղելուց։ Ես հավատում եմ քեզ, իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց՝ մեր երկիրը շենացնելու ժամանակ: Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու»,- իր հասակակիցներին այսպես էր դիմել 18-ամյա տղան 2020-ի նոյեմբերին՝ նշելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել։
Պատերազմը չի ավարտվել։ Այս խոսքերը «մաշված» եւ ոչինչ չասող են դառնում հասարակության մի ստվար հատվածի շուրթերին, երբ հնչում են որպես արձագանք պատերազմից հետո սահմանին գրեթե ամեն օր հնչող կրակոցների, գերիների, վիրավորների ու զոհերի մասին լուրերին։ Այդպես ավելի հեշտ է երեւի, քան, օրինակ, հարցնելը, թե ինչու չի ավարտվում այս մղձավանջը։ Հատկապես որ որեւէ մեկից պատասխան չեն ստանալու։
Պատասխանատուները զբաղված են եւ/կամ բարդ հարցերի չեն պատասխանում։ Ուշացած, հաճախ էլ թերի հաղորդագրություններ տարածելն ու զոհվածների ընտանիքներին ցավակցելը բավական են։ Իսկ ժողովրդի մեջ շրջանառվող «պատերազմը չի ավարտվել»-ը հիմա ամենաշատը նրանց է ձեռնտու։ Այլապես ինչպե՞ս կբացատրեին խաղաղ պայմաններում 18-20 տարեկան տղաների զոհվելու իրողությունը։
«Պատերազմը չի ավարտվել» ասելով՝ հեշտ է տղաներին հերոսացնելն ու նրանց ծնողների աչքերին նայելը, իսկ հետո պատվոգրեր ու մեդալներ հանձնելը։ Մինչդեռ մոր ձեռքի տակից նոր-նոր դուրս եկած այդ երեխաները հազիվ էին զենք բռնել սովորել, որով անգամ իրենց չկարողացան պաշտպանել։
Զոհվելուց հետո տղաներին չպետք է հերոսացնել, պետք է պայմաններ ստեղծել, որ նրանք չզոհվեն։ «Ընկավ հերոսի մահով», «անմահացավ հայրենիքի փրկության համար», «զոհվեց, որ մենք ապրենք». այսօրինակ խոսքերը նրանց ընտանիքների համար ոչինչ են։ Ավելին՝ արժեք չունեն, որովհետեւ տղաները ոչ թե շարունակվող պատերազմի, այլ շարունակվող պարտության զոհերն են։
Զոհված որդու հերոս կոչվելուց Ռուդիկի մոր մի քանի օրում կռացած մեջքը, միևնույնն է, այլեւս չի ուղղվելու, իսկ հայրն ամբողջ կյանքում ծնկած է ապրելու, ինչպես եկեղեցում որդու առաջ էր ծնկի եկել։ Փոքր այս քաղաքն էլ միշտ ժպտացող տղայի բացակայությանը դեռ երկար չի հարմարվելու։
Հունվարի 13-ին Ալավերդիում վերջին հրաժեշտը տվեցին Ռուդիկ Ղարիբյանին։ Մարդիկ ապշած էին, տարակուսած․ պատերազմից հետո նոր զոհերի չէին սպասում։ Հավաքվածների մեջ շփոթահար ծնողներ կային, որոնք իրենց որդիներին վաղվա զորակոչին են բանակ ճանապարհելու։

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։