ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ժամանակ տեսաուղերձով բոլորին կոչ է արել պատրաստվելու հաջորդ համավարակին՝ ներդրում անելով մշտադիտարկման, վաղ հայտնաբերման եւ յուրաքանչյուր երկրում արագ արձագանքման ծրագրերի մեջ, ինչպես նաեւ ԱՀԿ հեղինակությունն ուժեղացնելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հորդորել է արդար եւ հավասար պայմաններում պայքարել կորոնավիրուսի ներկայիս համավարակի դեմ: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՀԿ-ն ռազմավարություն էր հրապարակել, ըստ որի` նախատեսվում էր 2021-ի ավարտին պատվաստել երկրի բնակչության 40 տոկոսին եւ այս տարվա կեսերին` 70 տոկոսին։
«Մենք հեռու ենք այդ նպատակներից։ Դա ամոթալի է, բայց աֆրիկյան երկրների համեմատ պատվաստումների ցուցանիշները բարձր եկամուտ ունեցող երկրներում 7 անգամ բարձր են»,- շեշտել է Գուտերեշը։ Նրա կարծիքով՝ բոլոր երկրներն ու բոլոր արտադրողները պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն պատվաստանյութերի մատակարարումներին եւ նպաստեն թեստերի եւ պատվաստանյութերի արտադրությանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դեղագործական ընկերությունները պետք է համերաշխություն ցուցաբերեն, որպեսզի աշխարհը կարողանա դուրս գալ այս ծանր վիճակից։