ԱԺ-ն այսօր 84 կողմ, 14 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Օրենքն ուժի մեջ կտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա` հուլիսի 1-ից։
Դրանով կառավարությունը փորձում է կարգավորել Երեւանի ու Գյումրու օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների գործունեությունը` սահմանելով նոր պահանջներ։
Նոր օրենքով օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանվում է «Ա» տիպի հավատարմագրի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200000 դրամ է։
Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաները պետք է լինեն առավելագույնը մինչեւ 7 տարվա արտադրության, բացառապես գործարանային սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշանով։
Նոր օրենքը վերաբերում է բացառապես օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնողներին եւ չի արգելում դեպի օդանավակայան այլ տաքսիով փոխադրումներ իրականացնելը։