Մեր ընդդիմությունը երեւի հասկանալի է միայն Քաղաքացիական պայմանագրին: Ինչպես ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանն է ասում, ընդդիմությունն ու իշխանությունը մի նավի վրա են: Ու ճիշտ է ասում: Այդ նավը միայն այդ նավի մեջ գտնվողներինն է: Ընդհանուրն այդտեղ ծովն է, որի տարերքներին նավը պատրաստ չէ, նրա վրա գտնվողները նույնիսկ չգիտեն, թե ինչ է կատարվում:
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ռուբեն Ռուբինյանի հատուկ ներկայացուցչի դեմ խոսող ընդդիմությանն ասում է՝ կարո՞ղ ա դուք թուրքական ազդեցության գործակալներ եք: Ու սկսվում է: Գեղամ Մանուկյանը հակադարձում է՝ մի հատ մեր դեմքերին նայեք, հետո խոսեք: Սա իրար ասում են նույն նավի մեջ գտնվողները: Գեղամ Մանուկյանը ցնցված է, որ Ռուբինյանը Թուրքիայի բանագնաց Քըլըչի հետ բանակցություններ վարելու համար Մոսկվա մեկնել է ԱԺ-ի բյուջեի հաշվին:
Սա ի՞նչ զարմանալու բան է: Որտե՞ղ է այստեղ բովանդակային կռիվը: Ռուբինյանի մեղքը ո՞րն է: Ընդհանրապես բովանդակային անհամաձայնությունները որտե՞ղ են ընդդիմություն-իշխանություն հակամարտության մեջ: Ու պատահակա՞ն է, որ ամեն այսպիսի մուննաթից հետո բանը քիչ է մնում հասնի ձեռնամարտին: Այսպիսի ընդդիմությունից բացի ուրիշ ի՞նչ կարող էր երազել Նիկոլ Փաշինյանը իշխանություն պահելու համար:
Ռուբինյանն էլ է տարօրինակ պահում իրեն: «Հայաստան» խմբակցության կին անդամը նրան մեղադրում է թուրքական ազդեցության գործակալ լինելու համար: Ռուբինյանի նյարդերը տեղի են տալիս. «Ես կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը, ամբողջ բարեհամբուրությունը եւ ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ»: Հաջորդ օրը անլրջությունն ավելի է խորացնում. «Էն, որ ասում էի՝ բաներ կանեմ, լավ բաների հետ էի»: Իսկապես, այսպիսի նյարդերով ո՞ւր է գնում Ռուբեն Ռուբինյանը:
Հասկանո՞ւմ եք, ընդդիմությունը չգիտի՝ իշխանության որ սխալից կառչի, քանի որ ոչ մի սխալի չի տիրապետում։ Չգիտի, թե ինչու են մարդիկ արտագաղթում, ինչու է թանկանում ամեն ինչ, այսինքն՝ իշխանության մեղքերի մեթոդաբանությունն իրենց անհասկանալի է, որովհետեւ իրենք այդ մեղքերը կոպիտ ու հրապարակային էին անում: Էդ մեղքերի բացատրությունը չունեն:
Իսկ իշխանությունը գիտի, որ ընդդիմությունը «ճշգրիտ» է իր ամենաթողության համար, խոսելու տեղ չունի: Լավագույն ընդդիմությունը ցանկացած մակարդակից զուրկ ընդդիմությունն է, այն ընդդիմությունը, որին զրկում ես քեզ հետ բովանդակային բախման ցանկացած դիսկուրսից: Դրա համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունը լինի հակաքաղաքական:
Ասենք՝ Մամիջանյան Հայկն ասում է՝ եթե Փաշինյանը բանակցի նույնիսկ Գվատեմալայի հետ, էլի տարածքային կորուստ ենք ունենալու: Մեր ո՞ր մեղքի համար, ընկե՛ր: Ո՞ւր է քաղաքական խոսքը: Դուք ձեր կարծիքով ամրագրել եք, որ Փաշինյանը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, պատերազմից առաջ հնչող հայտարարությունները դա փաստեցին, հասկացանք: Հիմա որտե՞ղ է քաղաքականությունը, երբ քաղաքականություն իրացնելու բան չի մնացել: Դուք խոսում եք ազատ անկման մասին: Ո՞ւր է թռիչքի ձեր հայեցակարգը: Չունեք: Որովհետեւ դուք քաղաքականության համար չեք, դուք իշխանության անփոխարինելիության «կոստյումն» եք: Ընդամենը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: