38-ամյա Կորյուն Մելքումյանն ու նրա կինը՝ Աշխենը, վեց տղա եւ մեկ աղջիկ են մեծացնում։ Բազմազավակ ամուսինները Լոռու Քարինջ գյուղում են ապրում։ Նրանց մասին պատմում են որպես «դժվարություններից չբողոքող» ընտանիքի։ Այցելում ես ու համոզվում՝ այդպես էլ կա։ Չնայած սոցիալական խնդիրներին՝ որեւէ մեկից որեւէ բան չեն ակնկալում։
Ընտանիքի փոքր ու մեծ կարիքները հոգալու համար Կորյունը տարբեր գործեր է անում։ Ձմռանը վառարաններ է սարքում ու վաճառում, ամռանը սեփական հնձիչով ուրիշների համար խոտ հնձում։ Տնամերձ այգու եւ անտառի բարիքներն էլ քիչ չեն լինում թե՛ երեխաներին կերակրելու եւ թե՛ վաճառելու համար։ Իսկ անասնապահությունն ամբողջ տարվա անելիքն է․ չորս կով եւ երկու հորթ են պահում։
«Իմ ուժերով ինչ կարում, անում եմ։ Չեմ կարա ասեմ, որ լիարժեք ձեւով ամեն ինչ թամամ ա, բայց կարում եմ հասցնեմ ու ոչ մեկին էլ չեմ դիմում, օգնություն չեմ խնդրում»,- ասում է Կորյունը։
Հասցրածը երեխաներին միայն սննդով ու հագուստով ապահովելն է։ Կենցաղային այլ խնդիրներ դժվարանում են լուծել։ Յոթ երեխաներից վեցը կամ տղաներն ամեն օր տնից դուրս են գալիս․ չորսը՝ դպրոց, երկուսն էլ մանկապարտեզ են գնում։ Երեք ավագները նաեւ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» Սմարթ կենտրոնում են սովորում։
Ընտանիքի մայրն ասում է՝ այս տարի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն է երեխաներին ձմեռային տաք հագուստ նվիրել, ինչն իրենց ազատել է մեծ հոգսից։ Նախկինում այլ օգնություններ նույնպես եղել են՝ «ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպությունից մի քանի ոչխար են ստացել, մեկ այլ կազմակերպության աջակցությամբ էլ տունը վերանորոգել։ Բայց մինչեւ հիմա սանհանգույց չունեն, դրսում պետք է կառուցեն, ինչը հավելյալ ծախսեր է պահանջում։
Ավելի լավ ու բարեկեցիկ կյանքի հույսով Կորյունը մտադիր է եղել Արցախ տեղափոխվել, բայց սկսվել է պատերազմը։
«Մտածում էի, որ Հադրութում ավելի ապահով կապրեմ, հնարավորություններ ավելի շատ կլինեն մեծ ընտանիքների համար, նույն ձեւի չարչարվելով՝ էրեխեքիս համար ավելի շատ բան կկարենայի անեմ։ Էն էլ ա մեր հողն ու հայրենիքը, ինձ համար տարբերություն չկա»,- կարծես արդարանալով՝ ասում է մեծ ընտանիքի հայրը։
Աշխենն էլ որդիներից 8-ամյա Աշոտի ընդունակություններն է գովում։ Մաթեմից ուժեղ է, ասում է։ Հինգ տարեկան Տիգրանն էլ միջամտում է՝ «ինքը սաղ բաներից է ուժեղ»։
Երեխաների հետագա կրթությունը ծնողները դեռ չեն պլանավորում։ Հիմա մտածում ենք մեծացնելու մասին, ասում է հայրը։ Իսկ Քարինջի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Եղինյանն առաջնահերթ խոսում է Մելքումյանների երեխաների կարգապահությունից։ Ասում է՝ միշտ կազմ ու պատրաստ ներկայանում են, դասերից էլ գրեթե չեն բացակայում։
«Բազմազավակ ընտանիքը լավ բան ա, ես ցանկանում եմ, որ շատ ընտանիքներ շատ երեխաներ ունենան, դրանով մենք ուժեղ կլինենք։ Ես ինձ լավ եւ ուժեղ եմ զգում, որ շատ էրեխեք ունեմ, քան, ասենք, մտածեմ, որ յոթ էրեխուն ոնց եմ պահելու։ Իրանք ուժ են տալիս ինձ, ու որ մեծանան, թիկունքս ավելի ամուր կլինի»,- ինքնագոհ ժպիտով ասում է Կորյուն Մելքումյանն ու նշում, որ բազմազավակ ընտանիքներին պետք է պետությունը տեր կանգնի, այլ ոչ թե կազմակերպություններն ու անհատները։
Մելքումյանները պետությունից ամսական 73 հազար դրամ աղքատության նպաստ են ստանում։ Սա 9 հոգանոց ընտանիք մտնող միակ կայուն գումարն է։
Քարինջի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանն ասում է՝ թեպետ Մելքումյաններն աջակցություն ստանալու խնդրանքով երբեք համայնքապետարան չեն դիմում, բայց ընտանիքը մշտապես համայնքի ուշադրության կենտրոնում է․ բարեգործական կազմակերպությունների սոցիալական բոլոր ծրագրերի առաջին շահառուն, ըստ վարչական ղեկավարի, հենց նրանք են լինում։
Իսկ համայնքի բյուջեից դրամական աջակցություն ստանալու համար կարիքավորը նախ պետք է դիմում գրի, ինչն այս ընտանիքի դեպքում գյուղի վարչական ներկայացուցիչը բացառում է։ Երբեք չեն դիմել եւ չեն դիմի, ասում է։
Մոտ 550 բնակիչ ունեցող գյուղում մինչեւ հինգ երեխա ունեցող ընտանիքներ շատ կան, ասում է Նորիկ Մկրտումյանն ու նշում՝ շրջակա գյուղերի (Լորուտ, Շամուտ, Մարց եւ այլն) հետ համեմատած ամենաշատ բազմազավակները Քարինջում են ապրում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։