Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Վլադիմիր Զելենսկիին հրավիրել են Թուրքիա՝ քննարկելու եւ կարգավորելու տարաձայնությունները։
Ըստ Էրդողանի ներկայացուցչի՝ Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր ստանձնելու՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եղած լարվածությունը նվազեցնելու համար: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի նախագահը մտադիր է առաջիկայում այցելել Ուկրաինա։
Քալընին հավելել է, որ պաշտոնական Անկարան ցանկացած ռազմական գործողությունից եւ լուրջ հետեւանքից խուսափելու համար սերտ կապի մեջ կլինի Մոսկվայի հետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ 2021-ի նոյեմբերին հայտարարել էր, թե անընդունելի է այն հիստերիան, որը հրահրում են անգլոսաքսոնական եւ ուկրաինական լրատվամիջոցները, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկին:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել էր, որ Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի մեջ մեղադրելով` փորձ է արվում թաքցնելու Դոնբասում հարցի ուժային լուծման նախապատրաստումը։ «Պնդումները, թե Ռուսաստանն ինչ-որ մեկի վրա հարձակվելու մտադրություն ունի, անհիմն են»,– ընդգծել էր Պեսկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հրապարակավ հայտարարի, որ Ուկրաինայի վրա հարձակման ծրագրեր չունի։
Թուրքիայի նախագահ Էրդողանը Պուտինի եւ Զելենսկու հետ եռակողմ հանդիպում կազմակերպելու առաջարկով հանդես էր եկել դեռեւս 2021-ի աշնանը: