Ըստ թուրքական «BirGün» պարբերականի՝ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը մտադիր է փոխել արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին:
«Չավուշօղլուի վրա խա՞չ է քաշվել» վերնագրով հոդվածում պարբերականի խմբագիր Իբրահիմ Վարլըն այդ պնդումը հիմնավորում է տարբեր հանգամանքներով: Ըստ նրա՝ ներկայում Չավուշօղլուին դրդում են հրաժարականի։ Դրա մասին են վկայում ԱԳՆ-ում արդեն մեկ տարի թափուր մնացած բարձր պաշտոնները, որոնք հիմնականում զբաղեցնում են ժամանակավոր պաշտոնակատարները: Մինչդեռ Չավուշօղլուի առաջարկած թեկնածուները նախագահականից հավանություն չեն ստանում:
Հեղինակը ենթադրում է, որ այս ամենի հետեւում կանգնած է Էրդողանի խոսնակ ու խորհրդական Իբրահիմ Քալընը, որն օգտագործում է իր ազդեցությունն ու արգելափակում նշանակումներն ԱԳՆ-ում:
Ըստ նույն խոսակցությունների՝ Քալընը, որը նախագահ Էրդողանի ամենամտերիմ շրջապատից է, աչք ունի արտգործնախարարի պաշտոնի վրա ու Չավուշօղլուի հնարավոր հրաժարականից հետո կարող է նրա ամենահավանական փախարինողը լինել:
Բացի դրանից` Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր էջ բացելու, իսկ դրա համար, ըստ հոդվածագրի, որոշված է անցյալի հարաբերություններում ի հայտ եկած մի շարք կնճիռների համար պատասխանատվությունը բարդել անձամբ Չավուշօղլուի վրա: Ինչ վերաբերում է Քալընին, ըստ պարբերականի խմբագրի, նա կարող է ԱՄՆ-ի հետ հարաբերություններ լավացնելու համատեքստում ԱԳՆ-ի հարմար թեկնածու լինել, քանի որ համարվում է Թուրքիայի իշխանական թեւում արեւմտամետների կարկառուն ներկայացուցիչներից մեկը: