Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները ռուս խաղաղապահներին Ղազախստանից տեղափոխել են Մոսկվա։
Չորս ինքնաթիռով տուն են վերադարձել խաղաղապահների վերջին ստորաբաժանումներն ու խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ: Ինքնաթիռները Ռուսաստան են մեկնել Նուր–Սուլթանի եւ Ալմաթիի օդանավակայաններից:
Ավելի վաղ Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով տուն են վերադարձել Հայաստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի խաղաղապահ զորախմբերը:
Ղազախստանի ԱԳՆ եվրասիական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Սինյագովսկին հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը բարեհաջող ավարտվել է եւ կատարվել է բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Նա նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերն ու ավանդը Ղազախստանում կայունության հաստատման մեջ անգնահատելի է:
«Խաղաղապահ առաքելությունն իրականացվել է փոխադարձ աջակցության դաշնակցային ոգով»,- շեշտել է Սինյագովսկին:
***
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ Ղազախստանում բողոքի սոցիալ-տնտեսական բնույթի խաղաղ ցույցերից օգտվել են այն ուժերը, որոնք շահագրգռված են իշխանության բռնի նվաճմամբ: Սիրոմոլոտովը նշել է, որ Ղազախստանը բախվել է իր պետականության, անվտանգության եւ ինքնիշխանության աննախադեպ մարտահրավերի: ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ դրա համար նշված ուժերին հարկավոր էր ապակայունացնել ներքաղաքական իրադրությունը Ղազախստանի Հանրապետությունում:
Ղազախստանի գլխավոր դատախազության տվյալներով 2022-ի հունվարի առաջին օրերին սկսված անկարգությունների հետեւանքով տուժել է 4579 մարդ, զոհվել՝ 225-ը, նրանց թվում՝ 19 ուժային: