Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղի բնակելի հատվածը վերջանում է այս խղճուկ տնակով։ Կացարանի ներսում Խնկոյանների 5-հոգանոց ընտանիքն է ապրում, կերտում երեք երեխաների ապագան։
Մեր այցի ժամանակ դրսում ջերմաստիճանը -20 էր։ Տնակի ներսում 0-ից բարձր ջերմություն ապահովելն անչափ դժվար է, իսկ սաստիկ սառնամանիքներին՝ անհնար։
Ամռանը գնած ու չորացրած գոմաղբով Խնկոյաններն ինչքան էլ վառարանը վառում են, ցուրտն իրենն անում է։ Դույլով ջուրը տանտիկինը՝ Սիրանուշը, մի քանի ժամ առաջ է բակի աղբյուրից տուն բերել, բայց հեղուկն արդեն սառույցի է վերածվել։
Ամուսինները մշտական զբաղվածություն չունեն, սեզոնային աշխատանքով են վաստակում ապրուստը, իսկ վատառողջ լինելու մասին աշխատում են երեխաների մոտ չբարձրաձայնել։
Ներս մտնողն անմիջապես նկատում է կացարանի անհարթ ու բարակ պատերը զարդարող անթիվ-անհամար մեդալները, դիպլոմներն ու գովասանագրերը։ Տան տերերը՝ Վարդան եւ Սիրանուշ Խնկոյանները, հպարտորեն ներկայացնում են մեդալների պատմությունը։ Մի կողմում ավագ դստեր՝ Գոհարիկի պարի նվաճումներն են, որը մեր այցի ժամանակ դպրոցում էր։ Որդու՝ Ռազմիկի նախասիրություններն այլ են, բնագիտական առարկաների ու նորագույն տեխնոլոգիաների ոլորտում է գերազանց դրսեւորվում, վկան բարձր հարգի մեդալներն են։
Զարմանալիորեն, մեր այցը գոնե մի պահ Ռազմիկին չի կտրում դաս սովորելուց։ Այնուամենայնիվ, խանգարում ենք պատանուն, հարցնում՝ ինչ երազանք ունի։ Պարզվում է՝ երազանքները մի քանի փուլերով է դասակարգել։ «Այս պահին երազում եմ համակարգիչ ունենալ, որ ծրագրավորման դասերս կարողանամ տանն էլ անել։ Իսկ երբ մեծանամ, բժիշկ եմ դառնալու, որ ինչպես երեք տարի առաջ մամայիս երիտասարդ բժիշկը բուժեց, ես էլ ուրիշի մամաներին բուժեմ։ Իսկ երբ առաջին աշխատավարձս ստանամ, տաք տուն եմ գնելու մեզ համար․․․ ամեն մեկս մեր սենյակը կունենանք։ Ամենատաքն ու հարմարավետը փոքր եղբորս՝ Արենին կտանք»,- հստակ շարադրում է 12-ամյա տղան ու նորից, առանց ժամանակ կորցնելու շարունակում է կարդալ դասը։
1988-ի երկրաշարժից Վարդանի հայրական տունը, որը նույնպես Բասենում է, վթարային է դարձել։ Վարդանն ամուսնացել է, ծնողների եւ եղբոր 5-հոգանոց ընտանիքի հետ ապրել վթարայինում, բայց երբ ընտանիքն աճել է, փոքրիկ տանն անգամ մեկ լրացուցիչ մահճակալի տեղ չի մնացել։
Արդեն 12 տարի է, ինչ ընտանիքով ապրում են այս տնակում։ Գյուղապետարանից կանչել են, ասել, որ ցուցակում են, բայց թե երբ իրենց հերթը կհասնի մարդավայել տանն ապրելու, չգիտեն։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը ներկայացնում է Շիրակի մարզի համայնքներում փաստացի առկա տնակների ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ճշգրտված ցանկը։
Ըստ վերջնական հաշվարկների՝ մարզում տնակների թիվը, մեղմ ասած, մտահոգիչ է․ 3456 ընտանիք այս պահին ապրում է թիթեղյա եւ փայտե տնակներում։ Միայն Ախուրյան համայնքում 246 ընտանիք Խնկոյանների պես պայքարում է ձմռան ցրտի դեմ։
Ինչ ճակատագիր է սպասվում այս ընտանիքներին, դեռ քանի ձմեռ են գոյատեւելու սառցաջուր խմելով, դեռ որքան պատանիներ են երազելու տաք սենյակում քնելու մասին՝ հայտնի չէ։
Մինչ պետությունը կորոշի, թե հազարավոր ընտանիքների տասնամյակներով չլուծված հարցին ինչ լուծում է տալու, Ռազմիկը շարունակում է հավատալ հրաշքներին։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։