ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե հայկական կողմից մի շարք առաջարկներ է ստացել։
Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում լարվածության նվազմանը, անվտանգության ու կայունության բարձրացմանն ուղղված առաջարկների փաթեթ է մշակել եւ ներկայացրել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ, ռուսական կողմի միջոցով միջնորդավորված, ադրբեջանական կողմին:
«Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները, մանրամասները չեմ կարող հրապարակել, եւ իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության եւ վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշման ու հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից»,- ընդգծել է Միրզոյանը` շեշտելով, որ հայեցակարգի մասին հայտարարվել է նաեւ Անվտանգության խորհրդի վերջին նիստում։